«Կան թեմաներ, որոնք շարունակում են բանակցությունների սեղանին լինել։ Մեկը գազի միասնական շուկայի ձեւավորումն է ԵՏՄ-ում։ Այդ ուղղությամբ հսկա աշխատանք է արվել, բայց կան նրբություններ, որոնք դեռ կարիք ունեն հասցեագրման եւ լուծման»,- ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց․ «Մեր ընկալումն այն է, եւ կարծես թե կա ըմբռնում, որ պետք է շարունակենք քննարկումները։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, ապա ակնհայտ է, որ մենք ԵՏՄ-ի հետ ցամաքային մեկ կապող օղակ ունենք՝ Վերին Լարսի ճանապարհը, իր բոլոր հայտնի խնդիրներով։ Դրանք օբյեկտիվորեն անհաղթահարելի են, որովհետեւ որեւէ մեկը չի կարող եղանակն ու ձնահոսքերը, փլուզումները կառավարել։ Վրաստանի մեր գործընկերները թունելի կառուցում են նախաձեռնել, որը խնդիրը մեծամասամբ կլուծի, բայց եւ մենք հասկանում ենք, որ կոմունիկացիաների բացումը՝ ՀՀ-Ադրբեջանն երկաթուղի եւ ավտոճանապարհներ, կմեծացնեն մեր առեւտրաշրջանառությունը ԵՏՄ-ի եւ ոչ միայն նրա հետ»։
Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ ինքն այս հարցում շահագրգիռ է, եւ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունում գրվածը պատրաստ է իրականացնել․ «Տպավորություն եւ խոսույթ կա մամուլում եւ փորձագետների հարցազրույցներում, որ բոլորն ուզում են այդ ճանապարհները բացել, իսկ մենք դիմադրում ենք։ Ոչ, հակառակը, ամենաշատը մենք ենք ուզում, որ այդ ճանապարհները բացվեն։ Դիմադրում են մյուսները։ Մենք ենք, որ երեսուն տարի շրջափակման մեջ ենք եղել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ