«Եթե Սիրիայի մասով հարցեր չկան, ապա Թուրքիայի մասով կան։ Մի մասը գտնում է, որ ճիշտ է արել, որ ցավակցել ու օգնություն է առաջարկել, մյուս մասն էլ ասում է, որ սխալ է, քանի որ Թուրքիան ունի կոնկրետ վարքագիծ։ Բացեմ փակագծերը, որոնք կան երրորդ տեսակետը հայտնողների մոտ»,-ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Թուրքիա եւ Սիրիա փրկարարական խումբ ուղարկելուն։
«Այո, կարելի էր ցավակցել Թուրքիային եւ անգամ որոշակի աջակցություն հայտնել, բայց․․․ «բայց»-ի տակ տարբեր տեսակետներ կան։ Եթե խմբավորենք, երկու հատված կլինի։ Առաջնահերթ, համանման այլ իրավիճակներում Փաշինյանն ինչո՞ւ նման օպերատիվություն եւ պատրաստակամություն չհայտնեց, եւ երկրորդ՝ Թուրքիան ի՞նչ վարքագիծ ունի ՀՀ-ի հանդեպ, եւ ինչպիսի՞ն պետք է լինեն ՀՀ-ի պատասխանները։ Նաեւ հետեւյալ հարցը․ օրերս մեր բարեկամ Իրանում երկրաշարժից զոհեր եւ վիրավորներ կային։ Փաշինյանը չարձագանքեց, օգնության մասին չխոսեց։ Սա այն դեպքում, երբ Իրանն է դարձել Սյունիքի գոյության երաշխավորը եւ հայտարարում է, որ թույլ չի տալու տարածաշրջանի քարտեզի ձեւափոխում»,-շեշտեց Անդրանիկ Թեւանյանը։
Նա նաեւ նկատեց՝ այս ընթացքում տարբեր աղետներ եւ ողբերգություններ են եղել Ռուսաստանում, մինչդեռ ՀՀ-ն չի ցավակցել, խորհրդանշական աջակցության մասին չի ակնարկել․ «Նախկինում եղել են դեպքեր, երբ ցավակցություններ է հայտնել ՀՀ-ն Թուրքիային, բայց այս դեպքում ՀՀ-ն օպերատիվորեն արձագանքում է, իսկ Իրանին՝ ոչ։ Ընդ որում, Թուրքիայի այլ նախաձեռնություններին արձագանք չի տրվում։ Մերժում են Շուշիի հռչակագրին պատասխանել, մինչդեռ այդ հռչակագրով Թուրքիան Ադրբեջանի հետ ունի Արցախն ու ՀՀ-ն ոչնչացնելու ծրագիր: Լաչինի միջանցքի քաղաքական հովանավորը Թուրքիան է, այլապես Ադրբեջանը չէր համարձակվի նման հակահայ եւ հակառուսական քայլ անել։ Թուրքիան նախապայմաններ է առաջադրում ՀՀ-ին, մինչդեռ ՀՀ իշխանությունը խաբում է, թե չկան»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ