Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավոք, կանայք դեռևս բախվում են որոշ սահմանափակումների, որոնք խանգարում են ամբողջովին օգտագործել նրանց ներուժը. ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ 

Փետրվար 08,2023 18:31

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն (ՄԱԶԾ) այսօր ամփոփել են կանանց տնտեսական զորեղացման «Պլատֆորմ #5» հարթակի, Աքսելերատոր և Պրե-աքսելերատոր ծրագրերի արդյունքները։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է համատեղ ջանքերով իրականացվող ծրագրերի ընթացքը, արձանագրված հաջողություններն ու հետագա անելիքները։ Ընդգծվել է ծրագրերի արդյունավետությունը, որոնց շրջանակում երևանաբնակ և մարզաբնակ կանանց հնարավորություն է տրվում դասընթացների միջոցով զարգացնել իրենց ձեռնարկատիրական հմտություններն ու իրագործել բիզնես գաղափարներ:

Շեշտելով նմանօրինակ միջոցառումների կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում նշել է, որ կանանց տնտեսական զորեղացումը, նրանց ներուժի բացահայտումն ու մասնագիտական կարողությունների զարգացումն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից են։ Այս համատեքստում նախարարը բարձր է գնահատել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի հետ համագործակցության դերը, մասնավորապես՝ ձեռներեցության խթանման, միջին և փոքր բիզնեսների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման տեսանկյունից։

«Ուրախությամբ պետք է փաստել, որ «Պլատֆորմ #5» հարթակում ընդգրկվել ցանկացող կանանց թիվը 6 անգամ ավելի էր նախատեսվածից։ Կարծում եմ՝ ծրագրի նկատմամբ նման հետաքրքրվածությունը խոսում է այն մասին, որ կանայք հավատում են իրենց ուժերին ու անհրաժեշտ քայլեր են իրականացնում աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու համար։ Իսկ պետությունն այդ հարցում կանանց կողքին է և պատրաստ է աջակցել նրանց»,- նշել է նախարար Մկրտչյանը։

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի խոսքով ևս՝ պետք է շարունակել համատեղել ջանքերը կանանց տնտեսական զորեղացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք կարող են առանցքային հարթակներ լինել վերջիններիս ինքնազարգացման ու ինքնադրսևորման համար։

«Մենք` կանայք, հասարակության կեսն ենք կազմում և ունենք հավասար կարողություններ ու հմտություններ` նպաստելու հասարակության բարեկեցությանը: Ցավոք, կանայք դեռևս բախվում են որոշ սահմանափակումների, որոնք խանգարում են ամբողջովին օգտագործել նրանց ներուժը: Սա է այն մարտահրավերը, որ այս նախագիծը փորձում է լուծել, մասնավորապես՝ խթանելով կանանց մասնակցությունը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում»,- նշել է Ն․ Նացվլիշվիլին։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը ևս կարևորել է նման նախաձեռնությունների դերը հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց ակտիվ ներգրավվածության ապահովման գործում։ Այս համատեքստում փոխնախարարը շեշտել է նաև գործընկեր կառույցների հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, ինչի շնորհիվ քաղաքացիներին հնարավորություն է տրվում զարգացնելով մասնագիտական հմտությունները՝ կայուն զբաղվածություն ապահովել։

Միջոցառման շրջանակում ԱՍՀ նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Վիկտորյա Այդինյանն անդրադարձել է «Պլատֆորմ #5» հարթակի ստեղծման գաղափարին, հիմնական նպատակներին ու ծրագրի ընդլայնմանն ուղղված հետագա աշխատանքներին։

«Պլատֆորմ #5» ծրագիրն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿի զարգացման ծրագրի համատեղ ջանքերով։ Ծրագրի շրջանակում թվային մարքեթինգի դասընթացներ են իրականացվում 1400 կանանց համար։ Հաջորդ փուլ անցած 300 մասնակիցների հետ կտարվեն աշխատանքներ՝ կայուն զբաղվածություն ապահովելու նպատակով։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728