«90-ականներից ժառանգել ենք բենզալցակայանների մի մեծ ցանց, որը չի համապատասխանում հակահրդեհային անվտանգության կանոններին։ Հերացի փողոցի վրա, Մաշտոցի պուրակում կան լցակայաններ, որոնք մի քանի մետրի վրա են բնակելի շենքերից։ Մի բան հանկարծ լինի՝ հսկայական աղետ ենք ունենալու։ Ամեն քայլափողի մի լցակայան կա»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ խնդիրը կա․ «Ամեն օր ընտրության առաջ ենք, որովհետեւ, եթե պարզվի․․․ նախ, միաշանակ է, որ պետք է ունենանք չափանիշներ եւ առաջնորդվենք դրանցով, բայց ամեն օր ընտրության առաջ ենք՝ եթե չափանիշ դնենք ու ասենք, որ մի քանի ամսից ուժի մեջ է մտնում, կպարզվի, որ մեր տնտեսության 30-40%-ը փակում ենք։ Ունենք ժառանգած տոնավաճառներ, որտեղ հակահրդեհային կանոնները քրոնիկ չեն պահպանվում։ Մեր մոտեցումն այն է, որ խելամիտ չափանիշներ սահմանենք եւ կիրառենք խելամիտ ժամանակացույցով»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ