«Շատ մտահոգված եմ այդ տվյալով։ Դա շատ մեծ ձախողում է։ Անձամբ շատ ծանր եմ տանում։ Անգամ, եթե վիճակագրության մեջ սխալ կա, մեր քաղաքականությունն այն է, որ բոլոր ռեյտինգներով պետք է ունենանք առաջընթաց։ Եթե կա հետընթաց, ուրեմն ինչ-որ բան այն չէ»,- ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ կոռուպցիայի ընկալման համաթվի առումով ՀՀ-ն հետընթաց է գրանցել։
Փաշինյանը նշեց․ «Այո, այդ թեմայով մի քանի քննարկումներ եմ ունեցել։ Վաղը կառավարության նիստում էլ կքննարկենք։ Այն փաստը, որ հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային ռեյտինգներում թեկուզ փոքր հետընթաց ենք ունենում, անընդունելի է։ Դեր ունեն ԶԼՄ-ների հրապարակումներն այս կամ այն պաշտոնյանի կոռուպցիոն գործարքների մասին։ Առաջարկում եմ բանաձեւ, որ նման որեւէ հրապարակում անարձագանք չպետք է մնա։ Եթե ճիշտ չէ, քաղաքացիական հայցով պետք է հետամուտ լինել։ Թեկուզ երկու տարի հետո դատարանի որոշում լինի»։
Փաշինյանը նաեւ նկատեց՝ իրենք հայտարարում են, որ համակարգային կոռուպցիային վերջ են դրել, բայց ամեն օր մեկը ձերբակալվում է․ «Ուստի պետք է վերահաստատենք հակակոռուպցիոն քաղաքականության հանդեպ զիջողականություն չունենալը։ Այսօր ԱԺ են հասել քրեական գործեր, որոնց վաղեմության ժամկետն անցնել է։ Ինչո՞ւ։ Ճշմարտությունն ավելի կարեւոր է, քան պատիժը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ