Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության պարտադիր ապահովագրության ապահովագրավճարներն այս պահին նախնական են. փորձագետ

Փետրվար 08,2023 17:44

Առողջապահության պարտադիր ապահովագրության ապահովագրավճարներն այս պահին նախնական են, այս մասին այսօր  «Հոդված 3» ակումբում հայտնեց ՀՀ ԱՆ առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը՝ «Առողջության պարտադիր ապահովագրություն, ինչպես է այն ներդրվելու Հայաստանում» թեմայով քննարկման ընթացքում: Նա հիշեցրեց, որ 2019թ.-ին ներկայացված հայեցակարգի նախագծով նախատեսվում էր ապահովագրավճարի տոկոսային դրույքաչափը սահմանել  մոտ 6 տոկոսի չափով, ներկայումս նախատեսվում է ապահովագրավճարը  տարեկան ֆիքսված թիվ սահմանել:

«Հաշվարկները պետք է իրականացվեն հայեցակարգին համապատասխան, 2023թ. պարտադիր առողջապահության ապահովագրության նախնական փուլ է հռչակված, այս տարի նաև պետք է կատարվեն  ծառայությունների գների վերահաշվարկները, այդ թվում նաև ծառայությունների ընդհանուր փաթեթի վերջնական գնահատումը, որից հետո կհայտարարվի ապահովագրավճարի չափը: Շատ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ հենց 2024թ.-ից  բոլորը պետք է վճարեն այդ ապահովագրավճարները, պարզաբանեմ, որ հայեցակարգով նախատեսվում է, որ համակարգը փուլային է ներդրվելու: 2024թ. փորձարկման առաջին փուլի ընթացքում  նախատեսվում է, որ համակարգին կմիանան  բնակչության անապահով և հատուկ  խմբերը, որոնք  գրեթե ամբողջությամբ կսուբսիդավորվեն  պետության կողմից: Կմիանան նաև սոցիալական փաթեթի շահառուները, որոնք այսօր էլ  ունեն առողջապահական բաղադրիչ եւ պետական բյուջեի հաշվին իրականացվում են նրանց  առողջական ծառայությունների հատուցումները»,- նշեց  Խարազյանը:

Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի (ACSES) ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ողջունելի համարեց այն հանգամանքը, որ գյուղատնտեսական տնտեսություններում աշխատող անձինք ևս կմասնակցեն իրենց ապահովագրավճարներով , իսկ նախկին տարբերակում նախատեսված չէր: «Այդուհանդերձ, հիմնական ռիսկերը  ես տեսնում եմ, որ ֆինանասավորման մեխանիզմները հստակեցված չեն »,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ փետարվարի 2-ի նիստում կառավարությունը հավանության արժանացրեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, որով  նախատեսվում է 2027թ.-ին ամբողջությամբ ավարտել առողջության ապահովագրությունը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728