«Վստահ եմ՝ ծանոթ եք ՔՊ-ի նախընտրական ծրագրին եւ այն դրույթներին, որոնք վերաբերում են Արցախի խնդրի կարգավորմանը։ Նաեւ կառավարության ծրագրի նույն բաժնին վստահ եմ, որ ծանոթ եք։ Համաձա՞յն եք այդ դրույթների հետ, պնդո՞ւմ եք դրանք, որ պետք է կյանքի կոչվեն։ Անդրադարձ կատարեք Արցախի ինքնորոշման իրավունքի հետ կապված ձեր նախընտրական ծրագրի արձանագրումներին»,-Աժ նիստում այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածությունը։ Հիշեցնենք, որ օրերս ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հրաժարական էր տվել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, եւ ՔՊ-ն Սարգիս Խանդանյանին էր առաջադրել։
Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Կառավարության ծրագիրը ներկայացնելիս 2021թ․-ին վարչապետ Փաշինյանը կարեւոր դիտարկում արեց, որ մեր միջազգային գործընկերները եւ համանախագահները հատկապես հակամարտության լուծումներ փնտրելիս մեզ առաջարկում են օրակարգը բաց պահել, եւ վերջնանպատակներ չսահմանել, որպեսզի գործընթացը չխոչընդոտվի։ Մեր մոտեցումները հիմնախնդրի կարգավորման հետ կապված եւ հետագա պնդումները պայմանավորված են եղել նրանով, որ 2021թ․-ին համանախագահությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ վերջնանպատակ ունենալով ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության երաշխավորումը»։
Թադեւոս Ավետիսյանն արձագանքեց․ «Փաստացի ասում եք, որ նախընտրական խոստումներն ու կառավարության ծրագիրը փոխվել են հատկապես Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի մասով։ Եթե այդպես չեք կարծում, նշանակում է, որ դուք հետապնդելու եք Արցախի Հանրապետության եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա հիմնախնդրի կարգավորումը, ինչը գրված է ձեր եւ կառավարության ծրագրերում»։
Կարդացեք նաև
Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Ձեր խոսքի տրամաբանությունը չկիսելը չի նշանակում, որ ես դրա հետ համաձայն եմ կամ ոչ։ Իմ դիրքորոշումը հայտնեցի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ