«Ինչպես կանխատեսել էինք, ՔՊ-ն փորձում է բեմադրություն կազմակերպել՝ ցույց տալու «Հայաստան» խմբակցության մեր երկու գործընկերների մասով, այսպես կոչված, հանցավոր արարքները: Ակնհայտորեն դա չի ստացվել իրենց մոտ, եւ մեր չմասնակցությունը որոշակի անհեթեթ վիճակ է իրենց համար ստեղծել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ երեկվանից ԱԺ նիստում քննարկվում են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը։
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդությունները հեռու են իրավական լինելուց, քաղաքական հետապնդում են. «Միջնորդությունը չէր կարող ապացույցների ամբողջությամբ փաստացի իրականացված քրեական հետապնդման արդյունքները ներկայացնել: Եթե թույլտվություն էին եկել վերցնելու, որ քրեական հետապնդում իրականացնեին, այս բոլոր հարցերը հետո պետք է լինեին, ոչ թե եզրակացություններով գային այստեղ: Ակնհայտ է, որ բազմաթիվ դրվագներում քաղաքացիաիրավական հարաբերություների հարցերին փորձում են քրեաիրավական գնահատականներ տալ: Աբսուրդ վիճակ է, այդ գործողությունների մեջ Սեյրան Օհանյանին ներկայացնում են որպես հանցակից, իսկ ովքե՞ր են հանցագործության մնացած մասնակիցները, ո՞ւմ հետ է հանցակցում Սեյրան Օհանյանը: Ակնհայտ է, որ իրենց միջնորդագրում չկա դրա մասին: Որեւէ ձեւով խմբային շահը, կամ միջանձնային շահը չի ներկայացվում: Ասում են՝ դու, լինելով ՊՆ նախարար, լիազորություններդ անցել ես ու հափշտակել ես գույք՝ առանձնակի խոշոր չափերի: Ո՛չ ներկայացվում է որեւէ հիմնավորում, թե այդ գույքը ոնց է հափշտակել, ո՛չ երեւում է, թե խմբային շահը որն է»:
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանն ասաց, որ այն մեղադրանքները, որոնք հնչում են ու իբր թե ապացույցներով հաստատված են, բացարձակ իրականության հետ կապ չունեն, հերքվելու են քրեական վարույթի շրջանակներում, ու երեւալու է, թե պատվերը որտեղից է. «Աննա Վարդապետյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի աշխատակից է, ինչո՞ւ չի միանում նույն ֆակուլտետի գիտնականների դիմումին՝ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության առերեւույթ հանցակազմի վերաբերյալ: Չէր միանում, որովհետեւ գիտեր, որ Նիկոլ Փաշինյանը կպատժի: Ոչ մի բան չի անում, սա ցույց է տալիս, որ մենք գործ ունենք առերեւույթ հանցագործության մեջ կասկածվող գլխավոր դատախազի՝ քաղաքական իշխանության պատվերը կատարելու հստակ հրահանգների հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ