Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա նախապայմա՞ն է, թե՞ ոչ, Թուրքիան սպառնալի՞ք է»՝ հարց ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանին

Փետրվար 08,2023 16:26

«Հայաստան-Թուրքիա երկխոսության այս շրջանում ձեր իշխանությունը պարբերաբար հայտարարում էր, որ նախապայմաններ չկան։ Մինչդեռ օրերս Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորել  է Ադրբեջանի մեկնած ձեռքը բռնելով, պայմանագիր ստորագրելով ու «Զանգեզուրի միջանցք» բացելով։ Թուրքիայի պաշտոնյաները դա պարբերաբար կրկնում են։ Դա նախապայմա՞ն է»,-ԱԺ նիստում այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին (լուսանկարում) հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածությունը։ Հիշեցնենք, որ օրերս ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հրաժարական էր տվել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, եւ ՔՊ-ն  Սարգիս Խանդանյանին էր առաջադրել։

Սարգիս Խանդանյանը նախ նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու սկզբունքը ոչ միայն իրենց իշխանությանն է, այլեւ ՀՀ բոլոր իշխանություններինը՝ անկախությունից ի վեր․ «Նման հայտարարություններն, այո, անհանգստություն են պատճառում այն տեմպին, որը մենք կցանկանայինք ունենալ այդ գործընթացում։ Նաեւ դրանք են խանգարող հանգամանքներ։ Վստահ եմ, որ մեր բանակցողն այդ անհանգստություններն իր Թուրքիայի գործընկերոջը հայտնում է։ Նման հայտարարությունները չեն նպաստում այն արդյունքներին, որոնք մենք ակնկալում ենք բանակցային գործընթացում»։

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Թադեւոս Ավետիսյանն էլ հարցրեց՝ Թուրքիան ՀՀ անվտանգությանը սպառնալի՞ք է, թե ոչ։ Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «44-օրյա պատերազմից հետեւություններ արել ենք։ Եվ որեւէ մեկը չի ժխտում Թուրքիայի մասնակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը, բայց չենք կարող անդադար թշնամության միջավայրում փորձել մեր հարաբերությունները եւ արտաքին քաղաքականությունը պայմանավորել։ Պետք է շարունակենք աշխատել, որ թշնամանքը կառավարվի, որ սպառնալիքները կառավարվեն, եւ ի վերջո հասնենք մի հանգրվանի, որ տարածաշրջանը լինի խաղաղ եւ անվտանգ»։

Թադեւոս Ավետիսյանն արձագանքեց, որ իր հարցի պատասխանը չստացավ․ «Արձանագրենք, որ դուք Թուրքիային չեք համարում ՀՀ անվտանգության սպառնալիք։  Եթե այդպես չեք կարծում, նշանակում է, որ Թուրքիան սպառնալիք է»։ Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Ձեր խոսքի տրամաբանությունը չկիսելը չի նշանակում, որ ես դրա հետ համաձայն եմ կամ ոչ։ Իմ դիրքորոշումը հայտնեցի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728