ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը սահմանելու մասին ԿԳՄՍ հրամանի նախագիծը:
Ուսուցչի վերապատրաստման կրեդիտը սահմանվում է իբրև մասնագիտական գործունեության ձևի վերապատրաստման դասընթացն ավարտելու և դրա ելքային արդյունքները ձեռք բերելու համար պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածության չափման պայմանական միավոր, որը տրվում է վերապատրաստվողին տվյալ վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված վերջնարդյունքների առնվազն 60 տոկոսը հաղթահարելուց հետո:
Ուսուցչի մասնագիտական գործունեության ձևերին համապատասխան կրեդիտների անվանացանկը ներառում է`
- առարկայի իմացության կրեդիտ,
- դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողությունների կրեդիտ,
- սովորողին ցուցաբերվող աջակցության կրեդիտ,
- ինքնազարգացման և մանկավարժական համայնքի հզորացման կրեդիտ:
Մասնագիտական գործունեության յուրաքանչյուր ձևի համար սահմանվում են միավորներ։ Զարգացման ոլորտի մասնագիտական գործունեության յուրաքանչյուր ձևի ուսումնասիրության արդյունքում ուսուցիչներին տրվում է 0-100 միավոր։ Աշխատանքը համարվում է հանձնած՝ առնվազն 50 միավոր հավաքելու դեպքում։
Կարդացեք նաև
Զարգացման ոլորտի ուսումնասիրության արդյունքում 60 և ավելի միավոր ստացած ուսուցչին տրվում է 1 կրեդիտ։ Ուսուցիչը համարվում է ատեստավորված, եթե զարգացման ոլորտներից յուրաքանչյուրի համար ստացել է 1 կրեդիտ։ Կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածությունը ներառում է ուսուցչի լսարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասախոսություններին և գործնական աշխատանքներին։
Ուսուցչի՝ վերապատրաստման ընթացքում ուսումնասիրած դասընթացների համար ստացած գնահատականները գրանցվում են ակադեմիական տեղեկագրում, որն արտացոլում է ուսուցչի կատարած ուսումնական բեռնվածության ծավալը և կրթական ձեռքբերումների որակը: Տեղեկագրում գրանցված կրեդիտներն ուժի մեջ են՝ անկախ վերապատրաստման ծրագրի կամ վերապատրաստող կազմակերպության կարգավիճակի կամ կազմակերպաիրավական ձևի հետագա հնարավոր փոփոխություններից:
Հնգամյա շրջափուլի ընթացքում տվյալ տարվա, բացառությամբ շրջափուլի 5-րդ տարվա, վերապատրաստումներից անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ չկուտակելու կամ ցածր միավորներով հանձնած մասնագիտական գործունեության ձևի դասընթացին (իր միջոցների հաշվին) կրկին մասնակցելու և դրանք լրացնելու համար կամ անհաղթահարելի ուժի պայմաններում ուսուցչին տրվում է հնարավորություն՝ լրացնել դրանք հաջորդ տարի: Հաջորդ տարի անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ չկուտակած ուսուցիչը համարվելու է չատեստավորված։
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև փետրվարի 11-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ