Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, անդրադառնալով Թուրքիա օգնություն ուղարկելու, փրկարարական խումբ ուղարկելու կառավարության քայլին, ասաց, որ պետք է հիշել 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի դատապարտող խոսքերը Թուրքիայի մասին եւ այսօրվա վարքագիծը. «Գիտեք, շատ բան պետք չի ճանաչելու մարդու եւ իշխանության բնույթը: Այս իշխանության բնույթն այդպիսին է: Երկրաշարժ է, բնական է, մարդիկ են զոհվում, երեխաներ, բայց այդ մարդը պիտի հիշի, չէ՞, ինքը ինչ էր ասում: Երկրաշարժ եղավ նաեւ Իրանում, ես չեմ հիշում, որ այս մարդիկ նույնիսկ ցավակցական մի բան ասեին Իրանի վերաբերյալ: Սա նշանակում է, որ այս մարդիկ կուլ են գնացել, տրվել են, հանձնվել են, պատրաստ են չորս կողմի վրա պտտվել ու հանձնվել: Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, Թուրքիային ցավակցել, Թուրքիային ասել ամենավերջին բաները ու հետո սիլիբիլի անել: Բնույթն ու տեսակն է այդպիսին, զիջող են, անկարող են, ապիկար են, մնացածը հետո կպարզեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ