Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք սրտի, դպրոցականները հայերեն տեքստ հասկանալու խնդիր ունեն»․ Սմբատ Գոգյան

Փետրվար 08,2023 15:01

2022թ-ին Կրթության տեսչական մարմնի հաշվետվությունը բացահայտում է հանրակրթության ոլորտի համակարգային, դեռևս չլուծված խնդիրները:

40 դպրոցներում իրականացված ստուգումները պարզել են՝ «Հայոց լեզու» առարկայից թելադրությանը մասնակցած 3624 սովորողներից «Գերազանց» են գնահատվել 479-ը (13.2%), «Լավ»՝ 1058-ը (29.2%), «Բավարար»՝ 1081-ը (29.8%), «Անբավարար»՝ 1006-ը (27.8%): Մաթեմատիկայի գրավոր աշխատանքին մասնակցած 3543 սովորողներից «Գերազանց» են գնահատվել 165-ը (4.7%), «Լավ»՝ 418-ը (11.8%), «Բավարար»՝ 1383-ը (39%), «Անբավարար»՝ 1577-ը (44.5%):

«Մեդիա կենտրոնում»  այդ թեմայով կայացած ասուլիսի ժամանակ Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանը նշեց, որ Կրթության տեսչական մարմինը յուրաքանչյուր տարի իրականացնում է ստուգումներ հանրապետության հանրակրթական, նախադպրոցական, նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական հաստատություններում։ «Դպրոցների ընտրությունը հայեցողական չենք իրականացնում, այլ կառավարության որոշմամբ հաստատված մեթոդաբանության հիման վրա։ Այսինքն, ուսումնական հաստատությունների բազայից ընտրվում են բարձր ռիսկային հաստատությունները։ Մեր բազայում յուրաքանչյուր հաստատություն ունի իր ռիսկային միավորը, ընտրվում են համապատասխան տոկոսներով՝ բարձր ռիսկային, միջին ռիսկային եւ ցածր ռիսկային ուսումնական հաստատությունները»,-ասաց նա։

Ռաիսա Գալստյանի խոսքով՝ 2022-ին ստուգումներ են  իրականացրել 130 ուսումնական հաստատությունում, իսկ այս տարվա ծրագրով նախատեսված է ստուգումներ իրականացնել 140-ում։ «Ստուգումներն իրականացվում են ստուգաթերթերով, որոնք հաստատված են Կառավարության կողմից։ Ստուգաթերթերով, բնականաբար, չենք կարող ստուգել երեխայի գիտելիքը, որովհետեւ այն նորմատիվ իրավական ակտերը, որոնք սահմանված եւ հաստատված են, դրանցով գիտելիք ստուգել հնարավոր չէ։ Ուստի ինքներս մշակել ենք ծրագիր, որի հիման վրա հենց ստուգումների շրջանակում տալիս ենք գրավոր աշխատանքներ, իրականացնում ենք դասալսումներ։ Դա  «Աջակցություն ուսման կազմակերպման» ծագիրն է, որը նպատակ ունի  տեղում դասալսում իրականացնել, մեթոդական աջակցություն ցուցաբերել եւ գնահատել ուսուցչին»։

Մաթեմատիկա առարկայի ցածր արդյունքների մասին խոսելիս «Քառակուսի» կրթական հիմնադրամի տնօրեն, Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս Սմբատ Գոգյանը նշեց, որ մաթեմատիկա սովորելու համար պետք է ունենալ նաեւ գիտելիքներ հայերենից․ «Ցավոք սրտի, հիմա դպրոցականները հայերեն տեքստ հասկանալու խնդիր ունեն, ինչն ազդում է, որ մաթեմատիկան տեքստը, խնդիրները, ձեւակերպումները չեն կարողանում ընկալել»։ Սմբատ Գոգյանը փաստեց, որ հայերենի քննությունը եղել է թելադրություն, ինչն ընդհանրապես թույլ չի տալիս հասկանալ որոշ հարցեր։ Նրա խոսքով, օրինակ, ըստ ստուգումների արդյունքների,  6-րդ դասարանցիների 42 տոկոսը ստացել է անբավարար, եւ դա միայն թելադրությունից՝ ուղղագրական սխալներ անելու արդյունքում։ «Հետեւաբար, եթե միտք տանք, ասենք փոխադրություն գրեք, միտքը վերաշարադրեք, ապա շատ հնարավոր է, որ պատկերն ավելի վատը լինի։ Այսինքն, եթե հայերենը վատ է, բնականաբար, մաթեմատիկան էլ վատ կլինի»։

Սմբատ Գոգյանը նաեւ ընդգծեց․ «Ամեն ինչը, սակայն,  պետք է համեմատության մեջ դիտարկել։ Եթե նայենք մաթեմատիկայի նախորդ տարվա արդյունքները եւ համեմատենք այս տարվա  արդյունքների հետ, ապա միայն անբավարարի հետ կապված նշեմ, որ նախորդ տարի 6-րդ դասարանում անբավարար ստացել է 1,2 տոկոսը, իսկ այս տարի՝ 44 տոկոսը։ Ես չեմ կարող բացատրել դա նրանով, որ կրթությունն է վատացել այս ընթացքում։ Գուցե անցած տարի աչք են փակել ինչ-որ բաների վրա, իսկ այս տարի ավելի անկեղծ են եղել։ Իսկ եթե ամեն ինչ նորմալ է եղել, ու 35 անգամ անբավարարը շատացել է, դա նույնիսկ քովիդի ոչ արդյունավետ  դասերով հնարավոր չէ բացատրել»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728