Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ նկարագրեցիք… Հայաստանը կերակրատաշտի էին վերածել»․ Արսենյանը՝ գլխավոր դատախազին

Փետրվար 08,2023 13:04

«Այն, ինչ նկարագրեցիք, Հայաստանը կերակրատաշտի վերածած մարդկանց կողմից օպերատիվ աշխատանք է եղել։ Հայաստանը դրա համար էին գրավել, իրենց «կերային բազայի» համար․․․ինչ անում եք` ճիշտ եք անում, բայց մի հարց տամ՝ համոզվա՞ծ եք, որ այդ սխեմաներում ներգրավված չեն եղել կամ չեն մասնակցել նաեւ դատախազության այն ժամանակվա աշխատակիցները, որովհետեւ դատախազությունն այդ ժամանակ եւս հանցավոր սխեմայի մասն էր։ Եթե կար անող, կար ստուգող»,-ԱԺ նիստում այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Ինչպես հայտնել էինք, ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հրապարակվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երրորդ միջնորդագիրը, ըստ որի՝ Սեյրան Օհանյանը, 2008թ․ ապրիլից մինչեւ 2016թ․-ը զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ «Դողագործ» ընկերությանը պատկանող տարածքները փոխանցվել են մասնավոր անձի։ Մասնավորապես, Վահե Յաքուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները պետության՝ 5 մլրդ 884 մլն 300 հազար դրամ արժողությամբ անշարժ գույքերի դիմաց վճարել են 5 մլրդ 181 մլն 300 հազար դրամով պակաս գումար, այսինքն՝ շուկայական արժեքի ընդամենը շուրջ 12 %-ը, և խաբեության եղանակով հափշտակել դրանք: Իսկ Սեյրան Օհանյանը ՊՆ-ի հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի անշարժ գույքերն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով դրանք:

Աննա Վարդապետյանն Արսենյանին պատասխանեց․ «Մեղադրանքն ընթերցելիս ասացի՝ փոխլրացնելով միմյանց։ Այսինքն, դիտավորություն է եղել, որ, օրինակ, սնանկության կառավարիչ է պետք եղել։ Ուստի ձեր դիտարկումը ճիշտ է»։ Արսենյանը նաեւ հարցրեց՝ այն դատավորները, որոնք մասնակցել են այդ գործընթացին, շարունակո՞ւմ են հիմա պաշտոնավարել։ Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Այս վարույթով դատավորը՝ ոչ։ Բայց թոշակի չի գնացել»։

Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 7-ին առաջին միջնորդագրի հրապարակման ժամանակ պարզ էր դարձել, որ ըստ ԱԱԾ-ի ձեռքբերած տվյալների՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ մասնավորապես, հողային օրենսգրքի խախտմամբ երկու զորամասերի՝ «Երասխ 1»-ի եւ «Երասխ 2»-ի տարածքները, որոնք ՊՆ-ի սեփականությունն են հանդիսացել, օտարվել են եւ անհամեմատ էժան գնով վաճառվել, իսկ X զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ ստացել գումար․ խեղաթյուրվել է նշյալ գույքի իրական պատկանելիությունը։

Սեյրան Օհանյանի պարզաբանումները՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728