«Ճիշտ հասկացա՞, որ ՊՆ-ն մի քանի գույք է ձեռքբերել եւ հետո օտարել է Վահե Յաքուբյանին։ Յաքուբյանի քաղաքացիության մասին կարելի՞ է իմանալ։ Այդ գույքը հիմա որտե՞ղ է, բանկո՞ւմ է։ Ովքե՞ր են վկաներն ու մեղադրյալները։ Կա՞ն մարդիկ, որոնց կյանքին կարող է վտանգ սպառնալ, նրանց անվտանգությունն ապահովե՞լ եք։ Եվ, Սերժ Սարգսյանի անունն ասացիք, նա ցուցմունք է տվե՞լ, թե ցուցում է տվել»,-ԱԺ նիստում այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Ինչպես հայտնել էինք, ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հրապարակվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երրորդ միջնորդագիրը, ըստ որի՝ Սեյրան Օհանյանը, 2008թ․ ապրիլից մինչեւ 2016թ․-ը զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ «Դողագործ» ընկերությանը պատկանող տարածքները փոխանցվել են մասնավոր անձի։ Մասնավորապես, Վահե Յաքուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները պետության՝ 5 մլրդ 884 մլն 300 հազար դրամ արժողությամբ անշարժ գույքերի դիմաց վճարել են 5 մլրդ 181 մլն 300 հազար դրամով պակաս գումար, այսինքն՝ շուկայական արժեքի ընդամենը շուրջ 12 %-ը, և խաբեության եղանակով հափշտակել դրանք: Իսկ Սեյրան Օհանյանը ՊՆ-ի հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի անշարժ գույքերն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով դրանք:
Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Այո, ՊՆ-ն երեք գույք է ձեռքբերել։ Ի սկզբանե այդ գույքերը պատկանել են ՊՆ-ին, հետո դուրս բերվել ֆոնդից, հետո ՊՆ-ն նորից դրանք ձեռք է բերել։ Վահե Յաքուբյանի հետ կապված հարցերը հասկանում եմ, որ բոլորին հետաքրքիր են, բայց ես այստեղ եմ՝ Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագիրը ներկայացնելու, ուստի այլ անձանց վերաբերյալ նախաքննական տվյալներ չեմ կարող ասել։ Իսկ մարդիկ, ում կյանքին կարող է վտանգ սպառնալ այս փուլում, չունենք նման տեղեկություններ։ Եթե կարիք լինի, կկիրառենք։ Իսկ Սերժ Սարգսյանի՝ ցուցում տալու մասով կա Սեյրան Օհանյանի ձեռագիր մակագրությունը, որ «կքննարկենք նախագահի հետ՝ կասեմ»։ Ուստի ցուցման մասին ուղիղ ապացույց չկա, կա այդ գրությունը, իսկ երրորդ նախագահը, այո, ցուցմունք տվել է, հարցաքննվել է»։
Թե ինչ է եղել գույքերի ճակատագիրը, Աննա Վարդապետյանը հայտնեց՝ կամ բանկում են գրավադրված, կամ սեփականությամբ պատկանում են որոշ անձանց։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ