Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա այդ նույն Վահե Յաքուբյա՞նն է, որ խարդավանքների մեջ էր ու Դավիթ Հարությունյանի մտերիմը»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Վարդապետյանին

Փետրվար 08,2023 12:18

«Վահե Յաքուբյան ազգանունը որ ասացիք, իմ մոտ հիշողություններ արթնացան։ Ենթադրում էի, որ Դավիթ Հարությունյանի անունն էլ կհնչեցնեք, որովհետեւ իրենք շատ մտերիմ էին եղել։ Դա իրավաբան Վահե Յաքուբյանն է։ Ոնց որ «Անի» հյուրանոցի մի հարկը սեփականաշնորհել էր՝ խարդավանքների մեջ պարբերաբար Դավիթ Հարությունյանի եղբոր իրավաբանական ծառայություններով համագործակցած․․․ «Գլենդել հիլզ»-ը դրա արդյունքն է։ Եվ պատահական չէ, որ Սեյրան Օհանյանը մակագրել է, որ նախագահի հետ կքննարկի։ Սա մեծ, բացահայտված ավանտյուրա է, որի մեջ ներքաշել են պաշտպանության նախարարությանը եւ նախարարին»,-ԱԺ նիստում այսօր, դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ինչպես հայտնել էինք` ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հրապարակվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երրորդ միջնորդագիրը, ըստ որի՝ Սեյրան Օհանյանը, 2008թ․ ապրիլից մինչեւ 2016թ․-ը զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ «Դողագործ» ընկերությանը պատկանող տարածքները փոխանցվել են մասնավոր անձի։

Քոչարյանի հիշատակած Վահե Յաքուբյանի առնչությամբ միջնորդագրում հետեւյալն է ասվում․ «Բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքի օտարման վերջին խոչընդոտը չեզոքացնելու, պետության գույքային ֆոնդից վերջնականապես դուրս բերելու և Վահե Յաքուբյանի սեփականությանը հանձնելու նպատակով` Սեյրան Օհանյանը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին լիազորված անձի՝ Պավել Շադյանի միջոցով տվել է իր համաձայնությունը՝  նշված անշարժ գույքը փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, 2015 թվականի հունիսի 26-ին Էդուարդ Մելիքյանի կողմից հիմնադրված «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերությանը 2 մլրդ 174 մլն 598հազար 64 դրամին համարժեք՝ 4 մլն 506 հազար 472 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ:

Վերոգրյալ համաձայնության հիման վրա՝ նույն թվականի դեկտեմբերի 25-ին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերության տնօրեն Սասուն Սիմոնի Մուրադյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքը վերջնականապես դուրս է բերվել ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության, այնպես էլ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության գույքային ֆոնդերից, և վերջնականապես դարձել է Վահե Յաքուբյանինը, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը հետագայում սնանկության վարույթի շրջանակներում կայացած աճուրդի միջոցով օտարվել են այլ անձանց:

Այդ ամենի արդյունքում Վահե Յաքուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները, պետության՝ 5 մլրդ 884 մլն 300 հազար դրամ արժողությամբ անշարժ գույքերի դիմաց վճարել են 5 մլրդ 181 մլն 300 հազար դրամով պակաս գումար, այսինքն՝ շուկայական արժեքի ընդամենը շուրջ 12 %-ը, և խաբեության եղանակով հափշտակել դրանք»։

Անդրանիկ Քոչարյանը շարունակեց․ «Ճի՞շտ եմ հիշում, որ դա այն նույն Յաքուբյանն է, որը Դավիթաշենում Դավիթ Հարությունյանի հետ իրար կողքի առանձնատուն ունեն»։ Աննա Վարդապետյանը հաստատեց, որ Անդրանիկ Քոչարյանի իմացած անձի մասին է խոսքը․ «Սեյրան Օհանյանի դրվագից բացի, կա նաեւ մեկ այլ առանձին դրվագ, որը վերաբերում է Լոնդոնի արբիտրաժի հետ կապված հարցերին։ Քանի որ Սեյրան Օհանյանի հետ կապված չէ, մանրամասներ չեմ կարող ասել»։

Անդրանիկ Քոչարյանը նաեւ նշեց․ «Կարծում եմ՝ այս գործարքների մեջ շատ մեծ դեր են խաղացել այն ժամանակվա կառավարության աշխատակազմը եւ դրա ղեկավարը, որովհետեւ նման փառահեղ սալտոներ կարող էին անել Վահե Յաքուբյանն ու իրեն շրջապատող կառավարության մարդիկ։ Իսկ կառավարությունը ենթակա էր Սերժ Սարգսյանի որոշումներին։ «Գլենդել հիլզ»-ը դրա վառ արդյունքն է։ Գումար չծախսելով՝ հսկայական գումարների տեր են դարձել։ Եթե չեմ սխալվում՝ Վահե Յաքուբյանը Կանադայում պետք է լինի։ Նա պետք է հայտնաբերվի»։ Գլխավոր դատախազն ի պատասխան ժպտաց։

Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 7-ին առաջին միջնորդագրի հրապարակման ժամանակ պարզ էր դարձել, որ ըստ ԱԱԾ-ի ձեռքբերած տվյալների՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ մասնավորապես, հողային օրենսգրքի խախտմամբ երկու զորամասերի՝ «Երասխ 1»-ի եւ «Երասխ 2»-ի տարածքները, որոնք ՊՆ-ի սեփականությունն են հանդիսացել, օտարվել են եւ անհամեմատ էժան գնով վաճառվել, իսկ X զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ ստացել գումար․ խեղաթյուրվել է նշյալ գույքի իրական պատկանելիությունը։

Սեյրան Օհանյանի պարզաբանումները՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728