Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ անցկացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, մինչդեռ Հայաստանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում այդ գործընթացի համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն:
«Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը հանդես է գալիս կարճ ժամկետներում խաղաղության պայմանգրի տեքստի շուրջ բանակցություններ անցկացնելու օգտին և միշտ պատրաստ է դրան»,- ասել է Հաջիզադեն:
Նրա խոսքով՝ պայմանագրի շուրջ առաջարկները, որոնց մասին նախօրեին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Երևանին ներկայացվել են 15 օր առաջ:
«Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունից երևում է, որ խոսելով բանակցային գործընթացի մասին՝ հայկական կողմը կրկին դիմում է մանիպուլյացիաների և իրեն ներկայացնելով կառուցողական կողմ՝ փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը: Ինչպես հայտնի է, հենց հայկական կողմն է խախտել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համաձայնեցված ընթացքը և անցյալ տարվա դեկտեմբերին հրաժարվել բանակցություններից: Այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացին վերադառնալու փոխարեն նա արհեստական խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար»,- ասել է Հաջիզադեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ