Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Մաքսիմ Վասկով. Մի՞թե մենք՝ ռուսներս, ամենասեւ երախտամոռությունը կցուցաբերենք եւ Ադրբեջանին կթույլատրենք ոչնչացնել հայկական Լեռնային Ղարաբաղը. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 08,2023 10:48

«Հենց Լեռնային Ղարաբաղն է Ռուսական կայսրության բանակի դրոշի տակ կռված հայ հայտնի գեներալների ու սպաների մեծ մասի եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում փառաբանված մարշալների ու գեներալների հայրենիքը, որոնց հիշատակը գիտակցաբար եւ անխնա ոչնչացվել է Ադրբեջանում: Մի՞թե մենք՝ ռուսներս, ամենասեւ երախտամոռությունը կցուցաբերենք նրանց հիշատակի նկատմամբ եւ Ադրբեջանին կթույլատրենք ոչնչացնել հայկական Լեռնային Ղարաբաղը։ Եթե դա թույլատրվի, ապա իսկական ռուս հայրենասերները նման խայտառակության պատճառով կամաչեն իրենց նույնիսկ հայելու մեջ նայել»,-հատուկ «Ռեալիստ» տեղեկատվական գործակալության համար գրած հոդվածում, որը ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը, նշում է սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, «Կովկասի աշխարհը» միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն եւ գիտական ղեկավար, ՌԴ ժուռնալիստների միության անդամ Մաքսիմ Վասկովը։

Շարունակվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի՝ այսպես կոչված ադրբեջանցի «բնապահպանների» կողմից իրականացվող արգելափակումը, որը Հայաստանի Հանրապետությանը կապում է ադրբեջանական ագրեսիայի ընթացքում գոյատեւած Արցախի մի մասի հետ: Դա, անկասկած, ռազմական հանցագործություն է եւ ցեղասպանության ակտ, երբ 120 հազար մարդ զրկվում է ամենաանհրաժեշտից, չի ստանում կենսականորեն կարեւոր հումանիտար բեռներ եւ բժշկական օգնություն:

Լեռնային Ղարաբաղում դեղորայքի եւ սննդի պակաս կա, կան մահվան դեպքեր շրջափակման պատճառով Արցախից դուրս ժամանակին եւ որակյալ բուժօգնություն ստանալու անհնարինության պատճառով: Միայն Միջազգային կարմիր խաչին, այն էլ՝ ոչ միանգամից, հաջողվեց այդ հիվանդներից մի քանիսին Հայաստան բերել, այն էլ՝ հսկայական ջանքերի գնով: Եթե այդ «բնապահպանների» դեպքի առիթով ադրբեջանական իշխանությունները խորամանկում են, թե դա քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությունն է, ապա գազամուղի պարբերական անջատումները, այն էլ՝ ձմեռային շրջանում, արդեն ակնհայտորեն Ադրբեջանի պետական քաղաքականությունն է՝ հայ բնակչությանն իր հայրենի հողերից դուրս մղելու համար:

Ադրբեջանական այդ գործողությունները պետական ահաբեկչության ակտեր են եւ գործնականում հայ ժողովրդի ցեղասպանության հերթական փորձը: Հասկանալի է, թե ինչի են ձգտում հասնել Ադրբեջանի իշխանությունները, սակայն ծայրահեղորեն կարեւոր է մեկ այլ հարց: Ո՞րն է Ռուսաստանի իրական քաղաքականությունը, եւ արդյոք կարելի՞ է հավատալ նրա տված խոսքին: Հիմա ցանկություն կա տեսնելու, թե ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակներում ինչպես են կատարվում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության պաշտպանության մասին պայմանագրի դրույթները, կամ գուցե դրանք չե՞ն կատարվում:

Ինչո՞ւ պարբերաբար անպատիժ են մնում Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի ակտերը: Հասկանալի է, թե դա ինչ հրեշավոր բացասական տպավորություն է թողնում նրանց վրա, ովքեր աշխարհում այսօր դեռ կողմնորոշված են դեպի Ռուսաստանը, ովքեր կարող են դա անել ապագայում։ Ի՞նչ կլինի դրանից հետո ռուսական «փափուկ ուժի» եւ աշխարհում նրա հեղինակության հետ։ Այս հարցում կանխատեսումները, ցավոք, այնքան էլ ուրախ չեն: Մի՞թե կիրականացվի Ռուսաստանի ապագայի համար աղետալի սցենար, երբ իր խոստումների կատարման համար պատասխանատու հեղինակավոր տերության քաղաքականությունից կվերադառնանք Մոսկվայի Մեծ իշխանության սկիզբը, եթե ոչ տարածքային առումով, ապա ծայրահեղ դեպքում՝ գոնե միջազգային ազդեցության մակարդակով:

Բոլորի խնդիրը, ովքեր Մեծ Ռուսաստանի հայրենասերներն են, դա չթույլատրելն է: Ինչպիսի՞ ախտորոշում կարելի է անել այս իրավիճակում: Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն բոլոր նախագծերից կամ նրանցից, որոնցում մասնակցությունը ներկայացվում է որպես նշանակալի քաղաքական եւ տնտեսական ուժ, իրականում գործում են միայն տնտեսական նախագծերը։ Մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), ԲՐԻԿՍ-ը: Ինչ վերաբերում է քաղաքական նախագծերին, հատկապես՝ անվտանգության ոլորտում, այստեղ իրավիճակը խիստ բացասական է։ Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) կազմակերպություն է, որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծվել է որպես քաղաքակիրթ «ամուսնալուծության» ձեւաչափ, այնուհետեւ արդեն փորձել են նրան որոշակի ինտեգրացիոն գործառույթներ տալ, ինչն անել չի ստացվել, հիմա այն իրավաբանական կեղծիք է, նրա բոլոր կառույցները կարելի է փակել՝ դրանց վրա ավելորդ գումարներ չծախսելու համար, եւ ոչ ոք դա չի էլ նկատի։ ՀԱՊԿ-ն տարօրինակ կառույց է, որում միավորված են մի շարք պետություններ, որոնք ոչ միայն պատերազմի նախաշեմին են, այլեւ որոնց միջեւ պարբերաբար զինված բախումներ են տեղի ունենում:

Մասնավորապես՝ պարբերական բախումներ լինում են Ղրղզստանի ու Տաջիկստանի միջեւ: Այստեղ «դաշնակցային» պարտավորություններին հավատարիմ լինելու համար ՀԱՊԿ-ն պետք է լավ իմաստով յուրաքանչյուր կողմի մեկ դիվիզիա ուղարկի եւ զեկուցի մասնակից պետություններին ցուցաբերվող ռազմական աջակցության մասին: ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանում ուժեղանում է արդարացված թերահավատությունը: Հայաստանը ՀԱՊԿ-ի լիարժեք անդամ է, եւ պետք է ոչ թե անհանգստության արտահայտությամբ պատասխանել, երբ Ադրբեջանը նրա դեմ ուղղակի զինված ագրեսիայի գործողություններ է կատարում, այլ խաղաղության հաստատմամբ, ինչպես Միխայիլ Սահակաշվիլիին պարտադրեցին, այն ագրեսիա էր իրականացրել Հարավային Օսեթիայի դեմ: Ավելին՝ մինչեւ այդ պահը Ռուսաստանը չէր ճանաչել Հարավային Օսեթիայի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն, բայց երբ սկսվեց վրացական ագրեսիան, ռուսական բանակը քաջաբար կռվեց օս ժողովրդի համար։ Հայաստանի Հանրապետության նկատմամբ միանգամայն հստակ պարտավորություններ կան ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ անմիջականորեն Ռուսաստանի կողմից 1997 թ. պայմանագրով, եւ դրանք ուղղակի կետ առ կետ պետք է կատարվեն։ Փորձերը՝ արդարացնելու անգործությունը, որ, իբր, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկան հստակ սահմաններ, դեմարկացիա եւ դելիմիտացիա չեն իրականացվել, ոչ մի քննադատության չեն դիմանում: Քանի որ Հայաստանը պաշտոնական դաշնակից է եւ ՀԱՊԿ-ի, եւ Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում, նշանակում է՝ պետք է ցանկացած ագրեսիայից պաշտպանել այն սահմանները, որոնք Խորհրդային Հայաստանն ուներ ԽՍՀՄ-ի օրոք:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728