Մի քանի շաբաթ առաջ ընթերցողներից մեկը, որն իմ նկատմամբ ընդհանուր առմամբ դրական է տրամադրված, ինձ խորհուրդ տվեց, որ եթե մի քիչ ավելի «մաղձոտ» գրեմ, ապա ավելի մեծ լսարան կունենամ: Եվ նա, իհարկե, իրավացի է: Բայց նախ՝ ես այն տարիքում չեմ, որ ինքս իմ մեջ «աճեցնեմ» այն, ինչ նախորդ տասնամյակներում չեմ ունեցել (այսինքն՝ մաղձը): Երկրորդ՝ «մաղձի» տակ Հայաստանում սովորաբար հասկանում են անձնավորված հարձակումներն այս կամ այն գործչի վրա, իսկ քննարկման այդ մակարդակն ինձ պարզապես հետաքրքիր չի:
Օրինակ, ինձ չի հետաքրքրում, թե ինչու է պատգամավոր Գուրգեն Արսենյանը կրքոտ «հակաընդդիմադիր» ելույթներ ունենում, անձնական ո՞ր հանգամանքներն են դրդում նրան այդպես վարվել: Ինձ հետաքրքրում է այն հայեցակարգը, որն արտացոլվում է նրա ելույթներում, եւ որն ամենեւին էլ նրա անձնական կարծիքը չէ: «Զիջել Արցախը՝ հանուն Հայաստանի» հայեցակարգը սխալ է ոչ միայն բարոյական, այլեւ զուտ պրագմատիկ տեսանկյունից՝ դա նշանակում է «հրավիրել» թշնամուն, որ նա հարձակվի Հայաստանի վրա:
Ես դեմ եմ, որ Ազգային ժողովում ՔՊ-ն զրկի Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից ոչ թե այն պատճառով, որ գեներալն ինչ-որ առանձնահատուկ հրեշտակ է, այլ որովհետեւ՝
ա/ Ազգային ժողովն իր ստեղծված օրվանից (1995 թվականից) օգտագործվում է որպես ընդդիմադիրներին հետապնդելու գործիք,
Կարդացեք նաև
բ/ դա պարզապես առիթ է՝ եւս մեկ անգամ նախկինների մասին խոսելու,
գ/ դա դարձյալ տեղավորվում է իշխանության հայեցակարգի մեջ, որն ուղղված է բանակի վարկաբեկմանը:
Նույն մոտեցումն ունեմ նաեւ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հարցում (Սիրիայի հետ կապված, կարծում եմ, քննարկում չկա): Ուրախանալ, որ երկրաշարժի հետեւանքով մարդիկ են զոհվել՝ անառողջ բնազդների դրսեւորում է: (Իհարկե, անբնական կլինի նաեւ, եթե հայերն այդ առիթով վշտից իրենց պատեպատ խփեն): Մեր խնդիրը քաղաքական է՝ Թուրքիա պետության քաղաքականությունն ուղղված է հայկական պետականության ոչնչացմանը: Երկրաշարժի զոհերի հետ դա որեւէ կապ չունի: Զուսպ ցավակցելը եւ փրկարարներ ուղարկելը բավարար է: Օգնություն ուղարկելը չափից դուրս է:
Ի դեպ, ես ինձ պարտավորված չեմ զգում՝ քննադատել իշխանության բոլոր քայլերը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ