Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

4 ոսկե մեդալ՝ Բելառուսից

Փետրվար 08,2023 13:30

Հարցազրույց բալետի պրիմա պարուհի, խորեոգրաֆ Ժակլին Սարխոշյանի հետ

– Սիրելի Ժակլին, 2022թ. վերջերին Պարարվեստի համաշխարհային ասոցիացիան ձեզ շնորհել է «Արամ Խաչատրյան» մեդալ, վերջերս էլ՝ հունվարի 26-29-ը, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում 6-րդ անգամ անցկացվող «Բարեկամության գավաթ» բալետի արտիստների միջազգային հեռուստամրցույթում ներկայացրել եք Նարե Մարկոսյանին եւ Գոռ Սարգսյանին, որոնք տարբեր անվանակարգերում առաջինն են ճանաչվել՝ նվաճելով չորս ոսկե մեդալ։ Խնդրում եմ մանրամասնեք։

– Այո, դեկտեմբերին WAPA պարարվեստի համաշխարհային ասոցիացիայի կողմից, որը նախագահում է Արմանդո Ղուկասյանը, ինձ շնորհվեց «Արամ Խաչատրյան» մեդալ՝ բալետարվեստում ներդրած վաստակի համար, բայց մրցանակաբաշխությանը ներկա չէի, որովհետեւ նախապես ծրագրված էին վարպետության դասերս Իտալիայում եւ Ավստրիայում։ Կարճ ասած՝ մեդալը ստացել էր Նարեն եւ այդ ժամանակ ես չգիտեի, որ Արմանդո Ղուկասյանը ինձ համար անակնկալ է պատրաստել. նույն Նարեին՝ Մարկոսյան, ու Գոռ Սարգսյանին անձամբ պետք է ուղեկցեմ եւ ներկայացնեմ Մինսկում անցկացվող միջազգային հեռուստամրցույթին։ Վերջինիս մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 7500 բալետի արտիստ, իսկ մասնակցության իրավունք ստացել 58 արտիստ՝ «Դասական պար» անվանակարգում, 34-ը՝ «Մոդեռնում» եւ 57 պարող՝ «Զուգապար» անվանակարգում։ Մասնակից արտիստները ներկայացնում էին 18 երկիր։
– Նարե Մարկոսյանն ու Գոռ Սարգսյանը մեր օպերային թատրոնի մենապարողներ են, որոնց հանդիպել ենք խաղացանկային ներկայացումներում, այդ թվում՝ Էդուարդ Համբարձումյանի երաժշտությամբ եւ ձեր խորեոգրաֆիայով «Երազ» ներկայացման մեջ։ Բնականաբար, դուք հիանալի գիտեիք այս արտիստների հնարավորությունները…

– Ես գիտեմ համարյա բոլոր արտիստների հնարավորությունները նույնպես… Իսկապես, Նարեն ու Գոռը հիանալի ներկայացան։ Նրանց արվեստով տպավորված էր ոչ միայն ժյուրին, այլեւ հեռուստադիտողը։

Ժակլին Սարխոշյանը, ժյուրիի անդամ Սվետլանա Ստացենկոն, Գոռ Սարգսյանը եւ Նարե Մարկոսյանը։

– Գիտենք, որ դուք ոչ միայն պարապել եք այդ արտիստների հետ, այլեւ մրցութային համարներ բեմադրել։

– Այո, Նարեն ներկայացավ Ժակ Բրելի երաժշտությամբ եւ իմ խորեոգրաֆիայով համարով, ինչպես նաեւ Ադանի «Ժիզել» բալետից հերոսուհու վարիացիայով, ապա Գոռն ու Նարեն մոդեռն պարաոճում հանդես եկան Էդվին Մարտինի հանրահայտ տանգոյով՝ դարձյալ իմ բեմադրությամբ։ Գոռը «Դասական բալետ» անվանակարգում ներկայացրեց Բորիս Ասասեւի «Փարիզի հուրը» բալետից վարիացիա։


– Մեզ հասած տեղեկությամբ՝ դուք մրցույթի շրջանակում Նարեի նկատմամբ կրկնել եք ժամանակին լեգենդար խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչի գեղեցիկ ժեստը ձեր հանդեպ…

– Շնորհակալ եմ մտաբերելու համար։ Այո, մաեստրո Գրիգորովիչը 2009-ին Երեւանի օպերային թատրոնում իրականացնելով Խաչատրյանի «Սպարտակը», հատուկ ինձ համար պրեմիերայի օրը «Բոլշոյ» թատրոնի թանգարանից, բացառության կարգով, Երեւան էր հասցրել իր տիկնոջ՝ բալետի աշխարհահռչակ պարուհի Նատալյա Բեսսմերտնովայի՝ Ֆրիգիայի զգեստը։ Ես էլ Նարեին տրամադրեցի Ժիզելի իմ զգեստը։

– Հետաքրքիր է՝ այդ զգեստը ձեր սեփակա՞նն է, թե…

– Իհարկե՝ սեփականը։

– 2016թ. Երեւանի օպերային թատրոնում կայացավ ձեր հրաժեշտի երեկոն, որից հետո որպես խորեոգրաֆ գործունեություն եք ծավալել Բեյրութում՝ որոշ ընդմիջումներով, եւ վերջնական Երեւան եք վերադարձել 2022-ի ամռանը ու հիմնել ձեր ստուդիան։ Թեեւ կարճ ժամանակահատված է գործում այն, այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ ինչո՞ւ ձեր սաներից չներկայացրիք մրցույթին։

– Մեծ հաշվով՝ Նարեն եւ Գոռն էլ իմ սաներն են, որոնք արդեն հանդես են եկել, ինչպես դուք նշեցիք՝ «Երազ» ներկայացման մեջ եւ կարեւոր չէ վայրը, թե որտեղ եմ անցկացնում պարապմունքները։ Յուրաքանչյուր բալետի արտիստի համար թատրոնը կա եւ մնում է իր տունը, որովհետեւ բեմական գործունեության ընթացքում օրվա մեծ մասն այնտեղ ենք անցկացնում։ Ի դեպ, փետրվարի 22-ին էլ նոր արտիստներ հանդես կգան «Երազ»-ում, այդ թվում՝ ճանաչված դեմքեր՝ Րաֆֆի Գալստյանը, Գարիկ Բաբելյանը, եւ Նարեն։
– Մեր դիտարկմամբ՝ հաճախ արտասահմանյան հեռուստաալիքներով ցուցադրվող մոդեռն պարաոճում ներկայանում են արտիստներ, որոնց գոնե արտաքին տվյալները չի համապատասխանում դասական բալետի պահանջներին…

– Նման բան կա։ Կային ժամանակներ, երբ մոդեռն ոճում հասակը, քաշը, արտաքին տվյալները իսկապես չէին համապատասխանում։ Փոխվել են ժամանակները եւ դասական բալետարվեստի ներկայացուցիչներն էլ են զբաղվում մոդեռնով, ավելին՝ հիանալի ներկայացումներ են ցուցադրում, մասնակցում մրցույթների։ Եղել են ժամանակներ, որ բալետի արտիստների մրցույթներն անցկացվել են միայն ու միայն դասական բալետի շրջանակներում։ Իսկ հիմա մոդեռնն էլ է արդեն «դասական» դարձել։ Մի քանի տարի է, ինչ մեր պարարվեստի քոլեջում բացվել է համապատասխան բաժին, որը ղեկավարում է, ես կասեի՝ մոդեռնի գիտակ Ռիմա Պիպոյանը։ Արդեն մոդեռնի գծով անցկացվում են միջազգային մրցույթներ եւ այլն։ Գիտեք՝ դասական բալետարվեստում կան կանոններ, որոնցից արտիստը իրավունք չունի դուրս գալ, ինչը չես ասի մոդեռնի մասին…

Զրուցեց Սանվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
07.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728