Օրերս Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան հ.196 հիմնական դպրոցում բացվեց Արցախին, Արցախյան գոյամարտին, ինչպես նաեւ դպրոցի 44-օրյա պատերազմում հերոսացած շրջանավարտներ Ալբերտ Դադոյանին, Վլադ Ավետիսյանին, Կարեն Ապրեսյանին եւ դպրոցի աշակերտների հերոս հայրեր՝ Աշոտ Մաթեւոսյանին եւ Արմեն Բեժանյանին նվիրված Փառքի սրահի բացումը։
Սրահում ներկայացված էին Արցախի պատմական, մշակութային, հոգեւոր արժեքներ, ինչպես նաեւ դրվագներ արցախյան շարժման, արցախյան պատերազմին մասնակցած ջոկատների, հերոսամարտերի մասին՝ 1988-ից մինչեւ 2020թթ.։
Դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանի խոսքով, սրահը նվիրված է եւ Արցախին, եւ մեր տղաներին, եւ մեր բանակի կազմավորմանը, որովհետեւ մեր բանակը կազմավորվեց արցախյան պատերազմի արդյունքում, իսկ դրանք իրարից բաժանել հնարավոր չէ։ Նա փաստեց, որ բոլոր աշխատանքները, նյութերը Արցախյան տարածաշրջանից են. «Ցանկացա թեման այնպես լինի, որ կարողանանք ամբողջապես ուսումնասիրել մշակութային արժեքները, որոնք առկա են, որովհետեւ, ցավոք սրտի, համացանցում շատ նյութեր փոփոխված են կամ աղավաղված։ Մենք պիտի տեր լինենեք մեր արժեքներին, մեր մշակույթին, մեր երեխաները պետք է շատ լավ տիրապետեն մեր պատմությանը։ Սրահը հնարավորություն կտա մեր աշակերտներին առավել տեսանելի ծանոթանալ Արցախի պատմությանը, մշակութային եւ ճարտարապետական ժառանգությանը։ Իսկ ինձ համար սրահի ստեղծումը մեկ այլ՝ կարեւորագույն արժեք ունի՝ վերադարձնել մեր հերոսներին, հավերժացնել նրանց, անմահացնել նրանց սխրանքը։ Ողջ նյութը ներկայացված է 9 պաստառի վրա, 10-րդի վրա գրված է՝ «ՀԱՂԹԱՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ է», ինչին ես անվերապահորեն հավատում եմ»,-ասաց տիկին Նավասարդյանը։
«Տղաներիս ժպտացող պատկերները Շուշիի Ղազանչեցոցի ֆոնին աներեւակայելի խորհուրդ են հաղորդում սրահին ու ներկաներիս իրական արժեքները գիտակցելու ու գնահատելու «հրաման» տալիս։
Միտքը եղել է դեռ 2015 թվականին՝ արցախյան հերոսամարտին նվիրված Փառքի սրահ ունենալու, որպեսզի կարողանանք անմահացնել բոլոր հայ հերոսներին եւ նրանց հերոսական սխրանքները։ Պաշտպանության նախարարության աջակցությամբ ամբողջը կահավորել էինք, մնում էր միայն բովանդակությունը՝ պաստառները եւ ձեւավորումը ապահովեինք, բայց տարիներ շարունակ այն ձգձգվեց… Մի պահ մտածում էի ամբողջ հայ ժողովրդի հերոսական անցյալին նվիրված պատմությունն այստեղ կերտել։ Բայց այս պահին շատ կարեւոր էր՝ ոչ միայն, որ վերքոտ է այսօր մեր Արցախը, այլ նրա համար, որ մեզնից յուրաքանչյուրը կարողանա գիտակցի այն, ինչ ունենք եւ տերը լինի մեր պատմության»,-հավելեց նա։
Տնօրենի խոսքերով՝ դեռ չէր հասունացել այն պահը, թե ինչ խորագիր պետք է ունենա Փառքի սրահը, ավելի ուշ որոշել են, որ այն կլինի՝ «Ես կամ», որովհետեւ Փառքի սրահում ամփոփված նկարները, պաստառները եւ իրական մարդիկ կան իրականում եւ մենք բոլորս պիտի իրենց լինելիության շարունակողը լինենք։
Կարդացեք նաև
Սրահի բացմանը ներկա էին Դավիթաշեն վարչական շրջանի ներկայացուցիչներ՝ ի դեմս ղեկավար Ռոման Համբարձումյանի, պատերազմի մասնակիցներ, հերոսների ծնողներ եւ շատ հյուրեր:
Նախասրահում ներկայացված էին նաեւ Քաշաթաղի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարները, որոնցում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի պատմական հուշարձաններն էին:
Փառքի սրահի բացմանը հաջորդեց ոգեկոչման միջոցառում, որին մասնակցեցին 9-րդ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Հ.Ղազարյան), դպրոցի երգչախումբն ու թատերախումբը:
Ա. Բ.
«Առավոտ» օրաթերթ
07.02.2023