Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ մարդն անընդհատ մրսում է, գուցե օրգանիզմն ինչ-որ բան է փորձում հուշել նրան

Փետրվար 08,2023 09:30

Մրսելը կամ ցրտից դողալը, վերջույթների սառնությունը սովորաբար ընկալվում է որպես բնական երևույթ, որն առաջանում է ի պատասխան շրջակա միջավայրի պայմանների, սակայն որոշ դեպքերում այդ վիճակը` մրսածությունը, ցրտի, սառնության զգացումն օրգանիզմում դրսևորվում է հաճախակի՝ անկախ եղանակային պայմաններից և կարող է հուշել որոշ հիվանդությունների զարգացման մասին։

Որո՞նք են այդ հիվանդությունները

Սակավարյունություն

Սակավարյունությունն առաջանում է, երբ օրգանիզմում չեն արտադրվում բավարար քանակությամբ էրիթրոցիտներ, որոնք անհրաժեշտ են մարմնում թթվածնի փոխադրման համար։ Սակավարյունության մի քանի տեսակներ կան և մրսելու հակվածությունը դրանցից մի քանիսի ընդհանուր ախտանշաններից մեկն է։

Սակավարյունության այլ ախտանշաններն են՝

  • Հոգնածություն,
  • գունատություն,
  • սրտի անկանոն զարկեր և այլն։

Հիպեթիրեոզ

Պարանոցի հիմքում գտնվող թիթեռնիկ հիշեցնող օրգանը՝ վահանաձև գեղձը, օգնում է կարգավորել օրգանիզմի նյութափոխանակությունը՝ քիմիական ռեակցիաները, որոնք կենսականորեն կարևոր են մարդու կենսագործունեության համար։ Եթե վահանաձև գեղձը չի արտադրում բավականաչափ քանակությամբ թիրոքսին, կամ օրգանիզմը չի կարողանում արդյունավետորեն մշակել այդ հորմոնը, մարդու մոտ ամենայն հավանականությամբ, հիպոթիրեոզ է զարգանում։

Ցրտի, մրսածության զգացումից բացի հիպոթիրեոզն առաջացնում է հետևյալ ախտանշանները՝

  • Մաշկի չորություն,
  • մազաթափություն, մազերի բարակացում,
  • հոգնածություն,
  • անկանոն կամ առատ դաշտան,
  • փորկապություն,
  • քաշի ավելացում և այլն։

Արյունատար անոթների հիվանդություններ

Ձեռքերի ու ոտքերի սառնությունը կարող է հուշել արյունատար անոթների հիվանդությունների մասին, որոնց դեպքում արյան հոսքը դեպի վերջույթներ սահմանափակ է։

Արյունատար անոթների հետ կապված խնդիրները ներառում են հետևյալ վիճակները՝

  • Արյան մակարդելիության խանգարումներ,
  • Արտերիոսկլերոզ (երբ զարկերակները դառնում են հաստ և պինդ՝ որոշ դեպքերում կրճատելով արյան հոսքը դեպի օրգաններ և հյուսվածքներ),
  • Ռեյնոյի համախտանիշ (վիճակ, որի ժամանակ լինում են զարկերակների կծկանքով պայմանավորված արյան հոսքի նվազման գրոհներ) և այլն։

Սառնության զգացումից զատ արյունատար անոթների հետ կապված խնդիրները դրսևորվում են հետևյալ ախտանշաններով՝

  • Ոտքերի ու ձեռքերի մատների սպիտակ կամ կապտավուն երանգ,
  • ոտքերի ու ձեռքերի մատներում ծակծկոցի, թմրածության զգացում,
  • կպչուն ու սառը մաշկ։

Դիաբետիկ նեֆրոպաթիա

Շաքարային դիաբետի հազվադեպ բարդության հետևանքով զարգանում է երիկամային հիվանդություն, որը կոչվում է դիաբետիկ նեֆրոպաթիա։ Դիաբետիկ նեֆրոպաթիայի ախտանշաններից մեկը մշտական մրսածությունն է։

Մյուս ախտանշաններն են՝

  • Սրտխառնոց ու փսխում,
  • քոր,
  • ախորժակի կորուստ,
  • հևոց,
  • խառնաշփոթ վիճակ
  • դեմքի, ոտքերի ու ձեռքերի այտուց։

Անորեքսիա

Անորեքսիան սնման խանգարման տեսակներից է, որի դեպքում մարդը հյուծման եզրին է հայտնվում՝ գիրանալու կպչուն վախի արդյունքում հրաժարվելով սննդից։

Անորեքսիայի ախտանշաններից մեկն էլ մշտական մրսածության վիճակն է։ Այլ ախտանշաններն են՝

  • Երբ մարմնի զանգվածի գործակիցն արտահայտվում է թերքաշության (պակասորդային քաշի) ցուցանիշով,
  • քաշի հետ կապված կպչուն մտքերը,
  • 3 և ավելի ամիս դաշտանի բացակայությունը։

Այսպիսով, մշտական մրսածությունը, վերջույթների սառնությունը, վիճակը, երբ չի ստացվում տաքանալ անգամ երկար ժամանակ օրգանիզմի համար բարենպաստ միջավայրում գտնվելուց հետո, կարող է լուրջ հիվանդության ախտանշան լինել, և ցանկալի է չանտեսել այդ նախանշաններն ու խորհրդակցել բժշկի հետ՝ ժամանակին ճիշտ բուժում ստանալու համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728