Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստն էր։
Նա մեղադրվում է մարտադաշտն ինքնակամ լքելու համար։ Այսօր վկաներ էին հարցաքննվում։
Վկաներից Մստո Մստոյանը, որ շարքային զինծառայող է եղել, պատմեց՝ նահանջի հրամանը տվել են սպաները, եւ այդ նահանջի ժամանակ ունեցել են մեկ զոհ, երկու վիրավոր։
Վկան պատմեց Խուռհատ սարի իրադարձությունները, ասաց՝ վաշտում եղել է մոտ 120 հոգի, Իշխան Վահանյանի հրամանով վաշտի առաջին, երկրորդ դասակին տեղափոխել են այլ տեղ, ասել են՝ այդտեղ ապահով է, ձեր դիմացը մերոնցից մարդ կա, գնալու եք որպես երկրորդ գիծ։
Կարդացեք նաև
«Ասացին հրամանը տվել է Վահանյան Իշխանը։ Ու մեզ սկզբում ասացին, որ ամբողջ վաշտն իրար հետ է լինելու, ամբողջ վաշտն է գնալու նույն տեղը։ Գիշերը ժամը 1-ի կողմերը տարել են առաջին, երկրորդ դասակին, այդտեղ էլ էինք ունեցել վիրավոր, առաջին երկրորդ դասակից հետո մենք մնացել էինք Հադրութի դպրոցի դահլիճում, թուրքերի կողմից կամիկաձե, թե սնարյադ ընկավ, ունեցանք երկու վիրավոր, հետո տեղափոխվել ենք հանդերձարան։ Գիշերը ժամը 3-4-ի կողմերն արդեն մեզ ասացին, որ պետք է տեղափոխվենք ուրիշ տեղ, էդ ժամանակ չէին կրակում։ Գնացել ենք Հադրութի սարի վրա, երկու դասակ, մեր վաշտից մոտ հիսուն հոգի։ Հետո, որ գնացել ենք էդտեղ, մենք փոխել ենք ՄՈԲ-երին, իրանց տեղափոխեցին ուրիշ տեղ։
Խուռհատ սարում մոտ 200 հոգի էինք։ Այդ ժամանակ վաշտի սպայական կազմը, , Հայկազ Գրիգորյանը, Ղարիբ Ջավադյանը առաջին, երկրորդ դասակի հետ եղել են ուրիշ տեղ։ Նազարյան Հովանն էլ վիրավոր էր, հոսպիտալում էր։ Հիշում եմ, որ մեքենայով արդեն պետք է գնայինք Վիշկայի սարը, սերժանտներն էին հեռախոսակապով խոսում, ասեցին՝ տղերք, մեզ բերել են էյստեղ, ասել՝ ապահով է լինելու, բայց թուրքերը գիշերը եկել մտել են, զոհեր ունենք։ Հետո գնացել ենք Հադրութի սարի վրա բաժանվել ենք տարբեր մասերի, որովհետեւ չկար խրամատ, որ մտնենք խրամատի մեջ, բաց սարի վրա էր, մի կողմում անտառ էր, մի կողմը բաց էր, 3-4 հոգով տեղավորվել ենք։ Երկու տղեքի հետ, անունները չեմ հիշում, եղել եմ բնագծի մեջտեղում, առաջին օրը մտածում էինք, որ կլինի հարձակում, բայց թուրքերը մեզ շեղելու համար բերել էին տանկեր ու կամազներ, կանգնել էին դիմացները, որ ձախ կողմից ճեղքում անեն ու Հադրութը վերցնեն, ու իրանց ուզածին հասան։ Առաջին օրը գիշերն արդեն բոլորս հավաքվեցինք մի տեղ, որ, եթե պահը ստեղծվի, կարողանանք իրար պաշտպանել, որովհետեւ մութ տեղում երեք-չորս հոգով իրար չէինք կարող պաշտպանել»,-պատմեց վկան։
Թե դա ում նախաձեռնությունն էր, չէր հիշում։
«Առավոտը, որ հելել ենք, որ հավաքված էինք իրար վրա, էլի բաժանվել ենք տաբեր տեղերի, որ սարը պահենք»,-պատմեց Մստոյանը։
Նրա խոսքով՝ սպայական կազմը իրենց մոտեցել է երկրորդ օրը։ Ասաց՝ Իշխան Վահանյանը իրեն եւ ընկերոջը այլ զենքի մոտ էր նստացրել, քանի որ, իր պարզաբանմամբ՝ «ԱԿ»-ով չէին կարող պաշտպանվել, «ՊԿ» էին տվել, որպեսզի կարողանային զբաղեցնել հակառակորդին։ Մինչ այդ ինքնաձիգով էին պաշտպանություն իրականացնում։
Ապա Մստոյանը պատմեց՝ հաջորդ օրը, ցերեկը, շարժ են նկատել, իրենց մոտ նոր սպա էին բերել, փոխգնդապետ էր․«Ինքը գնաց ամենադիմացը, մի քանի րոպեից արդեն սկսվեց կռիվը։ Հարցնում էինք՝ կրակե՞նք իրենց, տեսնում էինք, Վահանյան Իշխանն ասում էր՝ չէ, կապ եմ տվել, մեր կամ Բալուջայի ռազվեդկան է։ Ձախ կողմից եւ թիկունքից գալիս էին, ինքը ասում էր՝ մի կրակեք, ռազվեդկան է, մինչեւ այն պահը, երբ արդեն շատ քիչ էր մնացել, մոտ հիսուն հոգի, որ հասնեն մեզ, այդ ժամանակ արդեն կրակոցներ են եղել համ մեր կողմից, համ՝ իրենց։ Էդտեղ էլ ենք շատ զոհեր ունեցել։ Այդ ժամանակ Վահանյան Իշխանն ասաց՝ հետ մի գնացեք։ ՄՈԲ-ից լեյտենանտն ասաց՝ չէ, դու ասեցիր, որ այստեղ ապահով է լինելու, էրեխեքին բերել ենք աղացի բերան, ես քեզ եմ լսել, երեխեքին խաբած եմ դուրս եկել, հիմա քեզ չենք լսի, էրեխեքին հետ կտանենք։ ՄՈԲ-ին լսելով, քանի որ հրամանատարության կողմից շատ էինք խաբվել, իրար պահելով հետ ենք իջել»։
Վկան նշեց, որ այդ ժամանակ Վահանյանն իրենց հետ է եղել, մինչեւ այն պահը, երբ, ինչպես վկան նկարագրեց՝ երբ արդեն թուրքերը շատ էին մոտեցել ու լեյտենանտն ասել է՝ քեզ չենք լսելու, հետ ենք իջնելու․«Հետ էինք իջել, իմ հիշելով՝ Բալուջայի ռազվեդկան էր, ասեցինք՝ գոնե մեր վիրավորներին ձեր հետ տարեք։ Իրանց հրամանատարությունն ասաց՝ տեղ չկա։ Բայց կարող էին չնստացնեին վիրավորներին, գոնե գետնին դնեին ու իրենց հետ տանեին։ Ու այդ ժամանակ, ես անձամբ չեմ տեսել, բայց ասացին, Վահանյան Իշխանը թողել, գնացել է։
Վկան ասաց, որ այդ ժամանակ հրետանային մարտ չի եղել, հրազենային է եղել։
Դատախազը հետաքրքրվեց՝ փոխհրաձգության ժամանակ հնարավո՞ր էր ստանալ բեկորային վիրավորում, վկան պատասխանեց՝ ոչ, եթե ծանր զենք չի եղել, նռնակ էլ չի եղել, որ մարդ նման վիրավորում ստանա։
Հարցին՝ Քրգործում տեղեկություններ կան, Խուռհատում հոկտեմբերի 10-ին բեկորային վիրավորում էր ստացել Վահանյանը, ինչին ի պատասխան վկան ասաց․«Ես չեմ տեսել, բայց լսել եմ, որ Վահանյանի սարից իջնելու ժամանակ սնայպեր է աշխատել, սնայպերը որ կրակել է, կպել է ծառին ու ինքը ծառից է վիրավորում ստացել»։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը հարց ուղղեց՝ Իշխան Վահանյանի փախուստից հետո 4 սպաներից որեւէ մեկը փորձե՞լ է կանոնակարգել նահանջը կամ այլ դիրք ընդունել՝ պաշտպանություն իրականացնելու կամ զինվորներին հավաքելու համար, կարո՞ղ էին իջեցնել զորքին՝ մարտերով, խաբս տալով, 10 հոգու առաջ թողնելով, 4 հոգով մնային կռվեին, ուժեղ սերժանտը, որ մնացել էր, ասեին՝ հետ տար։ Ի պատասխան վկա Մստոյանն ասաց՝ ոչ, երկար չէին կարող պահել, եթե «Վիշկայի» սարի մոտ սպաները պահեին՝ զորքն ընդհանրապես չէր կարող դուրս գալ, քանի որ ոչ ոք ճանապարհը չգիտեր։
«Լավ, Իշխան Վահանյանն ինչ վատություն արեց, արեց ու գնաց։ Բա մյուսների գործողություններն ամբողջության մեջ։ Ես դատախազի կամ քննչականի տեղը լինեի, Վահանյանի վրա մեկ հոդված չէր լինի, 2-3 հոդված կլիներ։ Խնդիրն այն է, որ Իշխան Վահանյանի կողքը մյուս չորս սպաները նստած չեն, գնդապետը նստած չէ։ Ինչու՞ գեներալախառն Իշխան Վահանյանի կողքը նստած չեն, պետք է տեղ չլիներ այստեղ, ինչո՞ւ պետք է Վահանյանը մենակ դատվի»,-ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ