Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանատվություն ստանձնելու ժամանակը

Փետրվար 07,2023 23:33

Հաճախ են, արդյոք, այս կամ այն երկրի քաղաքացիները մտորում պետության գոյության մասին և փորձում հասկանալ դրա իմաստն ընդհանրապես։ Այս հարցադրումը, հատկապես լայն զանգվածների համար, ակտուալ չէ։ Ավելին, շատերը կարծում են, որ պետության գոյության, պետականության իմաստի կամ նշանակության ուղղությամբ ցուցաբերվող ավելորդ հետաքրքրասիրությունը  կարող է միայն ավելացնել գոյություն ունեցող դժվարությունները՝ ծնելով կենցաղային նշանակության նոր խնդիրներ։

Իրականում սա հասկանալի երևույթ է։ Հասարակության մեծամասնությունը պետությունը և պետական ինստիտուտներն ընկալում է որպես իրենց դժբախտությունների հիմնական աղբյուր։ Պետությունից պարզապես պետք է հեռու մնալ։ Ժողովրդական լայն զանգվածը՝ որպես ցանկացած պետության, առնվազն քանակական իմաստով գերակշռող «դասակարգ»,  միշտ դժգոհ է, պահանջներ է ներկայացնում, ագահ է և միամիտ։ Ներքին անձնական ձախողումների համար արտաքին «պատճառներ» փնտրելով կամ մեղավորներ նշանակելով, նրանք լցվում են ատելությամբ այդ «մեղավորների» նկատմամբ, և այդպիսով, խուսափում սեփական ճակատագրի համար պատասխանատվություն կրելու ոչ այդքան հաճելի գործընթացից։ Ավելի հետաքրքիր է պետության նկատմամբ այդ լայն զանգվածի մշտական և անփոփոխ պահանջը՝ առավելագույն բարիքների տրամադրում և նվազագույն միջամտություն իրենց կյանքին։ Այս դիտարկումը շատերին կարող է անհեռատես կամ պարադոքսալ թվալ այն իմաստով, որ հենց ժողովրդական այդ լայն զանգվածն է պետության ակունքը, դրա ստեղծողը։ Ավելին, պետության լիբերալ ժողովրդավարական մոդելի պայմաններում, որտեղ որոշումները կայացվում են մեծամասնության կանոնով, հենց ժողովրդական այդ լայն զանգվածն է, առնվազն ֆորմալ-իրավական իմաստով, բոլոր հիմնական որոշումների աղբյուրը։ Այնուամենայնիվ, ժողովրդական լայն զանգվածի՝ որպես պետության ակունքի վերաբերյալ տեսությունը միանշանակ չէ։

Ժողովրդական զանգվածը չկազմակերպված և հեշտորեն կառավարվող մարդկանց խումբ է։ Այդ զանգվածը կառավարելի հուն մտցնելու գործընթացի առաջին փուլում ստեղծվում են այնպիսի պայմաններ, որոնց դեպքում ժողովրդական զանգվածը սկսում է հավատալ, որ հենց իր կամքից է կախված այն էլիտաների ձևավորման գործընթացը, որոնք հետագայում կայացնելու են որոշումներ և պատասխանատվություն են կրելու իր, այն է՝ ժողովրդական զանգվածի փոխարեն։ Տեխնիկական իմաստով իրականում դա հենց այդպես է․ քաղաքացիները հաճախում են ընտրական տեղամասեր, նշումներ կատարում այն անձանց անունների դիմաց, ովքեր կարողացել են գեղեցիկ ելույթներով և խոստումներով նվաճել իրենց սիրտն ու գրավել հոգիները։ Որպես կանոն, քաղաքական խոստումների էությունը հանգում է վատից ձերբազատվելուն և լավը կառուցելուն։ Կատարյալ խաբեություն։ Ապագա քաղաքական գործիչը պատրանք է վաճառում և վճարվում անձեռնմխելիությամբ, անպատժելիությամբ և անձնական բարեկեցությամբ։ Իրական քաղաքական գործիչը նա է, ով ժողովրդին վաճառում է պարան՝ որոշ ժամանակ անց գործառնական նշանակությամբ, այն է՝ կախվելու համար օգտագործելու համար։ Ընդ որում, դեպքերի ճնշող մեծամասնությամբ ժողովրդական զանգվածը դա անում է ժպիտը դեմքին և անխոնջ հավատով, որ հենց դա է իր սուրբ առաքելությունը։ Այդպիսին է ժողովրդական զանգվածը և այդպիսին՝ քաղաքական խավը՝ ամենուր և բոլոր ժամանակներում։

Չկազմակերպված և անտարբեր մեծամասնությունից, այնուհանդերձ, ծնվում է կազմակերպված փոքրամասնությունը, որը մտածում և գործում է սովորական ժողովրդական զանգվածի ու քաղաքական խավի համար ոչ կոնվենցիոնալ ու խորթ կատեգորիաներով։ Այս փոքրամասնությունը վերլուծում է անցյալը և ներկան՝ մտավոր բովանդակություն ստեղծելու և դատարկ ձևերը այդ բովանդակությամբ լցնելու համար։ Սա էլիտան է (պետական գործիչներ, որոնք ձևավորում են խորքային պետությունը՝ deep state): Նրանց ձևավորած բազմաֆունկցիոնալ իմունիտետը թույլ է տալիս, մի կողմից, չեզոքացնել ժողովրդական սեփական զանգվածի և քաղաքական խավի վնասաբերությունը, և մյուս կողմից՝ պաշտպանել պետականությունն արտաքին  վտանգներից և սպառնալիքներից ։ Էլիտան քաղաքական դասից տարբերվում է դժվար, գրագետ որոշումներ կայացնելու և դրանց հետևանքների համար պատասխանատվություն կրելու պատրաստակամությամբ։ Այս դասի առկայությունը բովանդակային պետության գոյության հիմնական չափանիշն է։ Հակառակ դեպքում, այսինքն այս դասի բացակայության պայմաններում, գործ ունենք իմիտացիոն կամ երևակայական պետության հետ։ Հայկական երրորդ հանրապետությունը  (1991-2020 թթ․) երևակայական պետության դասական օրինակ է, որն էլ հիմնարար ձևով բացատրում է միջպետական հարաբերություններում դրա, որպես ինքնիշխան միավորի ձախողումը։

Քննարկենք այս գործընթացի հիմնական բնորոշիչները։ Այսպես, «խորհրդահայ» սերունդը բավական հարմարավետ էր զգում կարմիր կայսրության շրջանակում, այնպես,  ինչպես արևմտահայ բնակչությունը՝ օսմանյան նախագծում՝ մինչև 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը։ Հարմարավետության այս գոտին երկու հիմնական բաղադրիչ ուներ։ Առաջին՝ մեծամասնությանը հնարավորություն էր տրվել վաստակել գույքային բարիքներ, և երկրորդ՝ ստեղծվել էր ներքին իմիտացիոն էլիտա, որը դե-յուրե կայսերական էլիտայի բաղկացուցիչ մաս էր, իսկ դե-ֆակտո՝ «հսկիչ» ՝ժողովրդական սեփական զանգվածի նկատմամբ։ Երևակայական այս էլիտային հասանելի էին բոլոր բարիքները։ Նրանք ունեին իշխանական լծակներ, իրենց երեխաներին կարող էին ուղարկել մասնավոր ուսումնական հաստատություններ, իսկ որոշ դեպքերում՝ եվրոպական կենտրոններում հանդես գալ որպես կայսրության ներկայացուցիչ։

Սրա դիմաց կայսերական խորքային պետությունը պահանջում էր երկու բան․ հավատարմություն և սեփական ցեղի սանձում՝ բացատրելով կայսրությանը երախտապարտ մնալու և նվիրված հպատակ լինելու կարևորությունը։ Այս հավասարումն այնքան արդյունավետ էր, որ դրա տարրերի առկայության պայմաններում պարզապես անհնար էր սեփական պասիոնար էլիտայի ծնունդը։ Ում էր պետք սեփական ազգային էլիտան, եթե մեծամասնությունը՝ ժողովրդական զանգվածը, չուներ դրա անհրաժեշտությունը, հպարտ և գոհ էր սեփական երևակայական էլիտայի առկայությամբ։ Օսմանա-եվրոպական գործարար Գալուստ Գյուլբենկյանը և խորհրդային նարկոմ Անաստաս Միկոյանը հայկական աշխարհում շարունակում են մեծ հարգանք վայելել՝ որպես ականավոր «հայեր»։

Այս փուլից կարելի է անել հետևյալ եզրակացությունը․ վերջին յոթ հարյուր տարվա ընթացքում հայերն ապրել են երևակայական իրականությունում, ամբողջությամբ կտրված այն բովանդակային գործընթացներից, որոնք պետք է ուղղված լինեին ազատագրման և հայկական պետականաշինության հայեցակարգեր մշակող ազգային դպրոցներ ձևավորելուն։ Ֆիդայական շարժումներն ունեին լոկալ բնույթ, ծագում էին ժամանակ առ ժամանակ՝ որպես Օսմանյան կայսրության առանձին տարածքներում հայերի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված բռնաճնշումների արձագանք։ 19-րդ դարում ստեղծված քաղաքական կուսակցությունները գործում էին ակնհայտ արտաքին ազդեցության ներքո և կիրառվում որպես գործիք։ Սա ակնբախ է դառնում ոչ միայն նրանց կողմից ազգային խնդիրների խեղաթյուրված ընկալման և դրանց տրված անհեթեթ ձևակերպումների, այլ նաև իրենց հիմնական ջանքերը միմյանց դեմ պայքարի, և ոչ այդ նույն անհեթեթ խնդիրների կամ ծրագրերի իրականացման ուղղությամբ գործադրելու առումով։ Առանց գաղափարախոսական, քաղաքական և տնտեսական անհրաժեշտ հիմքեր ստեղծելու՝ նրանք պատմական Արևմտյան Հայաստանի ազատագրումը հայտարարեցին որպես հիմնական նպատակ։ Իսկ դա փաստացի նշանակում էր մեկ բան՝ այդ տարածքների վրա ապրող սեփական ժողովրդի մահվան դատավճիռ։

Հնչակյան կուսակցությունը հիմնադրվեց 1887թ․, Ժնևում՝ ռուսահայերի կողմից, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ 1890թ․՝ Թիֆլիսում՝ ռուսահայերի կողմից, իսկ Ռամկավար Ազատական Կուսակցությունը՝ 1921թ․՝ ֆրանսիական մանդատի տակ գտնվող Լիբանանում՝ տեղական հայ բուրժուազիայի կողմից։ Անիմաստ է խոսել այս կուսակցությունների առասպելական և իրականությունից կտրված ծրագրերի մասին։ Բավական է ընդամենը ներկայացնել հետևյալ կոնտրաստը։ Այսպես, 1897թ․ տեղի ունեցավ Սիոնիստական առաջին կոնգրեսը, որի ընթացքում ընդունվեց Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն (ՀՍԿ) հիմնադրելու վերաբերյալ կարևոր ռազմավարական որոշում։ Սա նշանավորեց հրեական համազգային պոտենցիալի համակարգման գործընթացի մեկնարկը՝ ուղղված կազմակերպական-ինտելեկտուալ հենք ձևավորելուն և դրա համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ ապահովելուն։ Կոնգրեսի ընթացքում ընդունված «Բազելյան ծրագրի» ելակետային դրույթը վերաբերում էր «հրեա ժողովրդի ազգային հույզերի կամ զգացմունքների ամրապնդմանը»։ Այլ խոսքերով՝ մեկնարկեց ժողովրդական զանգվածից դեպի ազգ հրեականության տրանսֆորմացիան։

Ազգը ոչ թե մշակութային-համայնական, այլ քաղաքական ձև է, առանց որի հնարավոր չէ պետություն կառուցել։ Հենց սրա համար էլ հրեական գլոբալ էլիտան, ի դեմս ՀՍԿ-ի, դրա հիմնադրմանը հաջորդած հիսուն տարվա ընթացքում իրականացնում էր ակտիվ քննարկումներ և նախապատրաստական աշխատանքներ։ Նրանք ունենում էին հաջողություններ, թույլ տալիս սխալներ, ուղղում դրանք, փոխում իրենց ռազմավարությունը՝ այն հարմարեցնելով ժամանակների և հանգամանքների ոգուն, ենթարկվում քննադատության, հալածանքների և վարկաբեկման։ Արդյունքն Իսրայելն է՝ հրեական պետություն, որը հրեա պետական գործիչների և ազգային էլիտայի գործունեության լավագույն բնութագրիչն է։

Այդ նույն ժամանակ հայկական «էլիտան», ունենալով անհամեմատ ավելի բարենպաստ մեկնարկային դիրք, տանուլ տվեց Առաջին հանրապետությունը։  Երկար դատողություններ կարող ենք անել այս պարտության պատճառների և դրան նպաստած գործոնների մասին։ Սկզբունքորեն, սակայն,  կարելի է առանձնացնել երկու հիմնարար պատճառ․ առաջին՝ երևակայական ռեժիմից բովանդակայինին անցում կատարելու անկարողություն, և երկրորդ՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու կլինիկական վախ՝ համադրված սեփական սուբյեկտությունը վաճառքի հանելու միջոցով օտարի խաղը խաղալու պատրաստակամության հետ։ Քննարկվող ժամանակահատվածի համար «սուբյեկտությունը» և «ապագան» կարելի էր համարել հոմանիշներ։ Հենց այդ ժամանակ հայկական աշխարհը ռազմավարական պարտություն կրեց․ Հայաստանի մնացորդներն ընդգրկվեցին Խորհրդային կայսրության կազմում, իսկ Թուրքիան, որտեղ բնաջնջվել և որտեղից վտարվել էր սեփական պատմական հողի վրա ազգ-պետություն կառուցելու պոտենցիալ ունեցող մի ժողովուրդ, շարունակեց իր ինքնիշխան գոյությունը՝ որպես անկախ պետություն։

Փաստացի, Ցեղասպանությունից բացի, մեր նկատմամբ իրականացվեց պետականասպանություն՝ իր ծնունդի նախաշեմին գտնվող հայկական պետության ոչնչացում։ Այսօր տեղի ունեցողը, յոթանասունամյա ընդմիջումից հետո, պետականասպանության գործընթացի շարունակությունն է։ Սեփական ճակատագիրը որոշելու իրավունքի համար մեր կողմից մղվող ակտիվ պայքարը ավելի է սաստկացնում պետականասպան քաղաքականությունը։ Վաղուց ժամանակն է, որպեսզի իրական, այլ ոչ երևակայական էլիտան ստանձնի ազգային խնդիրների ձևակերպման և դրանց լուծման պատասխանատվությունը։

 

Արտյոմ Գեղամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728