Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Բադալյան․ «Վերջին տարիների նվաճումները նշանակում են, որ բռնցքամարտը Հայաստանում սիրելի մարզաձեւ»

Փետրվար 07,2023 22:02

«Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ Մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների 148 մարզիկներ, ինչը քանակական առումով նախորդ երկու տարիների հետ համեմատած առաջընթաց է։

Aravot.am-ը զրուցեց երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի հետ։

-Պարոն Բադալյան, մասնակիցների քանակական աճ կա, իսկ որակականի մասին ի՞նչ կասեք։

-Ուրախալի է, որ այդքան բռնցքամարտիկ է հայտավորվել։ Բայց առաջին օրվա տպավորությունս այնքան էլ բարձր չէ։ Այդուհանդերձ, չէի ասի, թե անորակ բռնցքամարտ է։ Ես նայում եմ հիմնականում այն տղաներին, որոնք կարող են մեր երկիրը ներկայացնել միջազգային ռինգերում։ Ընդհանուր առմամբ վատ չէ։

-Իսկ ձեր ուշադրության շրջանակներում գտնվող որակյալ բռնցքամարտիկները շա՞տ են։

-Մեր հավաքականի տղաներից դեռ կան, որոնց մեջ են նաեւ մրցանակներ նվաճած բռնցքամարտիկներ։ Հիմա համալրում եմ սպասում։ Ընդհանուր առմամբ բոլորին էլ գիտեմ, բայց չեմ ճանաչում, որովհետեւ գալու են պատանեկան հավաքականից։ Առաջնության ընթացքը ցույց կտա, թե համեմատականորեն երիտասարդների հետ ինչ կստեղծեն իրենք։ Կարծում եմ, թիմը կհամալրենք։

Շատ կարեւոր է, որ լավ հավաքական ունենանք, որովհետեւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունը մեր մոտ է լինելու։ Այս ամենը արվում է մեր ժողովրդի, մեր հանդիսատեսի համար։ Իսկ մեր ժողովրդին, երիտասարդությանը առավելեւս այսօր հաղթանակները եւ լավ ցուցանիշները շատ անհրաժեշտ են։ Դա կազդի բռնցքամարտի մասսայականության վրա, մարդկանց հոգեբանության վրա։

-Իսկ բռնցքամարտի մասսայականացման աշխարհագրության ընդլայնում տեսնո՞ւմ եք։

-Դա ակնհայտ է։ Մասնավորապես, Սյունիքի մարզում, Եղեգնաձորում։ Նրանք մասնակցություն չունեն, բայց կգան շուտով։ Մենք մեր ֆեդերացիայի եւ մյուս պատկան մարմինների ուժերով այնպես պետք է անենք, որ փոքրիկ Հայաստանի բոլոր անկյուններում զբաղվեն բռնցքամարտով։ Մենք քանակային առումով փոքր ենք, չորս-հինգ քաղաքներով դժվար է դուրս գալ եւ արդյունք ցույց տալ, թեեւ անում ենք։ Դուք գիտեք, որ 2021 եւ 2022 թվականներին երիտասարդների թիմը հրաշալի հանդես եկավ, ռեկորդային արդյունքներ գրանցեց։ Օրինակ, 2021 թվականին՝ 2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ եւ 39 երկրների մեջ թիմային 3-րդ տեղ՝ մեր փոքրիկ Հայաստանով։ 2022-ին՝ աշխարհի չեմպիոն, 2 արծաթ եւ այլն։ Իսկ դա նշանակում է, որ բռնցքամարտը Հայաստանում սիրելի մարզաձեւ է, մասսայականության ավելի մեծ հնարավորություն ունի։ Մենք էլ պարտավորվում ենք ամեն ինչ անել եղածը պահպանելու եւ զարգացնելու համար։ Փառք Աստծո, որ ֆեդերացիան ոչ մի խնդիր չի թողել ու մարզիչներից ընդամենը պահանջում է աշխատել։

-Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում ի՞նչ պլաններ ունեք։

-Ինձ պլաններ չեն տալիս։ Ես էլ պլաններ չեմ կազմում։ Կազմում եմ ընդամենը աշխատանքային պլան, որ թիմը գերազանց պատրաստ լինի։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728