Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը ռիսկեր է պարունակում. «Ամերիկայի առևտրի պալատը ՀՀ-ում» ՀԿ

Փետրվար 07,2023 21:33

Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման ամբողջ գործընթացն ուղեկցվել է հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչների, մասնավոր ապահովագրական կազմակերպությունների, փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներով:

Ուստի, հիմնավոր չէ «Ամերիկայի առևտրի պալատը ՀՀ-ում» ՀԿ-ի հայտարարությունը, թե հայեցակարգն ընդունելիս անտեսվել են գործարար համայնքի արտահայտած կարծիքներն ու հիմնավորումները, քանի որ նշված հասարակական կազմակերպությունը նույնպես մասնակցել է առողջապահության նախարարության նախաձեռնած տարբեր ձևաչափերով քննարկումներին, բացի այդ` նախագիծը 2 անգամ դրվել է E-DRAFT հարթակում` հանրային քննարկման:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

Ս․թ․ փետրվարի 2-ին ՀՀ կառավարության նիստում հաստատված «Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը (հետագայում՝ Հայեցակարգ) պարունակում է մեծածավալ տեսական տեղեկություններ, որոնք լիարժեք չեն հիմնավորում դիտարկվող խնդիրների մեծ մասը, չնայած 2022 թվականին թեմայի շուրջ կայացած բազմաթիվ քննարկումների և գործարար համայնքի կողմից ներկայացված կոնցեպտուալ առաջարկների։ Վերոնշյալ փաստաթղթի վերաբերյալ մասնակից գործարար միությունների կարծիքը հետևյալն է․ ՀՀ առողջապահության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներից հետո միայն հնարավոր կլինի արդյունավետորեն ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն և ապահովել հասարակության բոլոր անդամների իրավունքների ու պարտականությունների ներդաշնակ իրականացումը:

Չնայած ՀՀ կառավարության կողմից հայտարարված հարկային բեռի օպտիմիզացման քաղաքականության՝ փաստացի տեղի է ունենում հարկային բեռի ավելացում քաղաքացիների և բիզնեսի վրա։ Ինչը գործարարների շրջանում ավելացնում է անորոշությունը և անկանխատեսելիությունը: Ըստ էության նոր հարկատեսակի ներդրումը ռիսկեր է պարունակում նաև ստվերային տնտեսության ավելացման մասով՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Հայեցակարգի «Առողջության համապարփակ ապահովագրություն» անվանումը չի համապատասխանում էությանը, քանի որ ներկայացված հայեցակարգում իրականում սոցիալական ապահովության համակարգ է նկարագրված: Իսկ ՀՀ օրենսդրության համաձայն, ապահովագրական գործունեությունը ենթական է լիցենզավորման, ինչպես նաև համապատասխան վերահսկման՝ ՀՀ ԿԲ կողմից։

ԱՀԱ միջոցների հավաքագրումը, վճարների չափերի սահմանումն ու ծախսումն իրականացվելու է մեկ մարմնի՝ Հիմնադրամի կողմից, որի կառավարման խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ առողջապահության նախարարն է։ Այսինքն, փաստացի առողջապահության նախարարի ձեռքում են կենտրոնանալու քաղաքականությունը և բոլոր գործառույթների իրականացումը։ Դա էլ ավելի է խորացնում կոռուպցիոն ռիսկերը, հատկապես հաշվի առնելով շահերի բախումը։ Անգամ Հիմնադրամի գործունեության մասին հաշվետվությունների ձևերը սահմանվելու են նույն կառավարման խորհրդի կողմից։ Հիմնադրամի բյուջեն դուրս է մնում ՀՀ ֆինանսների նախարարության հսկողությունից, քանի որ առաջարկվում է ՀՀ պետական բյուջեում արտացոլել միայն հիմնական ֆինանսական ցուցանիշները (պլանավորված եկամուտներն ու ծախսերը, նախատեսվող դեֆիցիտը/ավելցուկը, վարչական ծախսերի տեսակարար կշիռը և այլն): Հիմնադրամի գործունեությունը դուրս է մնում նաև լիարժեք վերահսկողությունից, քանի որ Հաշվեքննիչ պալատը իրականացնելու է ընդամենը բյուջեի կատարողականի գնահատում, իսկ միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպությունը՝ ֆինանսական աուդիտ:

Այսինքն, չի գնահատվելու ծախսվող միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը։ Հայեցակարգով փաստացի անտեսվում է ապահովագրվող անձի ընտրության իրավունքը՝ լիցենզավորված բուժհաստատություն ընտրելու հնարավորությունը, առանց վերջիններիս վրա կիրառվող սահմանափակումների։ Ինստիտուցիոնալ առումով առաջարկվում է կիրառել ԱՊՊԱ համակարգի մոդելը, ինչը պետական-մասնավոր արդյունավետ համագործակցության կայացած օրինակ է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728