Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների, պաշտպանության, մարդու իրավունքների և հումանիտար օժանդակության, ինչպես նաև ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովների ավագ պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամներ:
Նախարար Միրզոյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում հաստատվել է արդյունավետ համագործակցություն: ԱԳ նախարարը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նշելով, որ հայ-գերմանական միջխորհրդարանական ակտիվ կապերը նպաստում են թե՛ երկկողմ օրակարգի ընդլայնմանը, թե՛ տարածաշրջանային կարևոր հարցերի բարձրաձայնմանը:
Ծավալված քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ, ինչի համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է Հայաստանում զարգացման և բարեփոխումների իրականացման ուղղությամբ Գերմանիայի և Եվրոպական միության կողմից ցուցաբերվող աջակցությունը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայունությունը խաթարող մարտահրավերները։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները: Այս առնչությամբ հայկական կողմը բարձր է գնահատել Բունդեսթագի անդամների հստակ ուղերձները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբացման և ազատ տեղաշարժի վերականգնման հարցում:
Կարդացեք նաև
Նախարար Միրզոյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը:
Կողմերը անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի:
ՀՀ ԱԳՆ