ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում փակ քննարկում էր՝ բանակում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւս մասնակցում էր։ Նիստը փակ էր, որովհետեւ որոշ տվյալներ պետք չէ, որ իմանան մեր հարեւանները։ Շատ կարեւոր, օգտակար, սպառիչ քննարկում էր։ Բոլոր հարցերի պատասխանները տրվել են»,-այսօր հայտարարությունների ժամին ասաց քննարկման մասնակից, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Հետեւելով մեր գործընկերների հարցերին, արձագանքներին եւ դեմքի արտահայտությանը, հասկացա, որ իրենց ու մեր մտահոգությունները նույնն են, որ հարցերի պատասխաններն ակնհայտ են։ Կարծում էի, որ սրանից առնվազն որոշ ժամանակ անց չեն խոսի բանակը քանդելու մասին, որովհետեւ հանգամանալից ներկայացվեց, թե սպառազինության, բանակի, անձնակազմի համար այս ընթացքում ինչ է արվել։ Կարծում եմ՝ որոշ տեղեկություններ անակնկալ էին մեր գործընկերների համար, բայց նորից խոսում են բանակը քանելու մասին»,-նշեց Բաբկեն Թունյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ