Լրահոս
Օրվա լրահոսը

«Նահանջ է եղել, գոնե զոհված տղաների մարմինները հանեինք, գրկած բերեիք»․ զոհվածի հայրը՝ վկային

Փետրվար 07,2023 19:11

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Կենտրոնի նստավայրում ընթանում է գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է 44-օրյա պատերազմում ռազմադաշտն ինքնակամ լքելու համար։

Այսօր հարցաքննվում էր վկա Կարեն Աբրահամյանը, որը շարքային զինծառայող էր։

Ասաց՝ իրենց վաշտի հրամանատարը  եղել է Վազգեն Վարդանյանը, դասակի հրամանատարը՝ Զադոյանը։ Գումարտակի հրամանատարների անունները չհիշեց։ Նշեց՝ երբ Հադրութում էին Իշխան Վահանյանը եղել է իրենց «կամբատը»։

«Հոկտեմբերի 9-ին ժամը 6-ի սահմաններում հարձակվեցին, շրջափակեցին։ Հետո հետնահանջ տվեցին ու իջել ենք վիշկի սարից։ Մեզ ուղեկցեցին թութակներ։ Հետո գնացինք, էլի ընկանք շրջափակման մեջ։ Մեր սպային՝ Մուրադյան Հովոյին խփեցին։ Էդտեղ լիքը զոհեր ու վիրավորներ ունեցանք։ Վիրավորներին էինք հանում»,-պատմեց վկան։

Վկան դեպքերը կարծես այնքան էլ լավ չէր հիշում։ Ապա պատմեց, որ նահանջի ժամանակ երկու խմբի են բաժանվել, իրենց ուղեկցել է Մուրադյանը։

«Վահանյան Իշխանը սարից փախավ, երբ մեր վրա հարձակվեցին։ Մեքենայով էր, վիլիս էր ոնց որ։ Տեսա՝ ոնց նստեց մեքենան»,-պատմեց վկան։ Չգիտի՝ Վահանյանը  վնասվածք ունե՞ր, թե՞ ոչ։

Նա նշեց, որ նահանջում էին Տող գյուղի ուղղությամբ, այդ ժամանակ գիտեին, որ ադրբեջանցիները Հադրութ քաղաքում էին։

«Շարունակել ենք մեր ճամփն անտառի միջով, գյուղ չհասած՝ Մուրադյանին խփեցին, ավտոմատով»,-ասաց վկա Աբրահամյանը։

Դատավորը ճշտեց՝ որտե՞ղ էիք, ի՞նչ կազմով ու ինչպե՞ս եղավ, որ դուք 150 հոգով գնում էինք, ու միայն Մուրադյանին խփեցին։ Դահլիճից ռեպլիկ հնչեց՝ ու թողիք, գնացիք։  «Մենակ իրան չեն խփել»,-պատասխանեց վկան։ Ու շարունակեց․«Ամենաառաջից Մուրադյանն էր գնում։ Մենք էդ ժամանակ ձորի մեջ էինք, իրենք (նկատի ունի ադրբեջանցիներին) սարից էին խփում»։

Դատախազը փորձեց ճշտել՝ արդյոք գյուղի անունը ճիշտ է հիշում, քանի որ այլ վկաներն ուրիշ գյուղի անուն են տվել եւ Տողն այլ կողմում է։ Վկան անուն չհիշեց։

Ըստ նրա, մյուս հրամանատարներն այլ ճանապարհով էին գնում, նրանց հետ զինվորներ են եղել։

Զոհված զինծառայող Նարեկ Ղազարյանի հայրը հարց ուղղեց վկային՝ սարից իջաք դեպի Վան գյուղ, քանի՞ հոգի էիք, հետներդ վիրավորներ կայի՞ն, ովքե՞ր էին։ Վկան պատասխանեց՝ 9 հոգով էինք,  Նարեկն էր Սիրունյան։

Նարեկ Ղազարյանի հայրն ասաց՝ թեթեւ վնասվածքով զինվորներին  կարող էիք  հանել․ «Իմ տվյալներով 9-ը չեք եղել, 32 հոգով եք եղել։ Ձեր մոտ ցանկություն չառաջացա՞վ գոնե էն տղեքին՝ ամենածանր երկու վիրավորներին, որ իմ տղեն  էր, 12 ժամ ապրեց, արնաքամ ա եղել, հանեիք»։

«Հա, բայց ո՞վ ա ասել, որ չենք հանել։ Տարել ենք Դուցի զորքի մոտ, իրանք էլ ընդեղից ուղարկել են․․․»,-արձագանքեց վկա Աբրահամյանը։

«Փաստորեն, ես իմ տղո՞ւն չեմ թաղել»,-ասաց հայրը։ Վկան իմանալով, որ նրա որդին Նարեկ Ղազարյանն է, ասաց․«Ճանաչում եմ, ինքն իմ ձեռքերի մեջ է զոհվել։ Տան մեջ ա զոհվել, այդ ժամանակ տան մեջ ենք եղել, 9  հոգով»։

Նարեկի հայրը շարունակեց․«Բայց ես իրան հանել եմ Վան գյուղից, ձեր տղերքը ինձ ասել են, գնացել եմ, ես եմ հանել, իսկ դու ուրիշ հասցե ես ասում»։

Վկան էլ ի պատասխան ասաց, որ որդու տեղը հենց ինքն է ասել։

Դատավորի հարցի միջոցով պարզվեց, որ մի տան մեջ եղել են 9 հոգով եւ չեն իմացել, որ այլ տներում զինվորներ կան։

«Մոբը ձեզ հանեց, գյուղից հինգ հարյուր մետր դուրս ճանապարհն ա,  հետնահանջ է եղել, մոբը տարել ա, լավ, գոնե զոհված տղաների մարմինները հանեինք, գրկած բերեիք»,-ասաց Նարեկ Ղազարյանի հայրը։

Նահանջի  ճանապարհին, ըստ վկայի, հրամանատար չկար, զինվորներին մոբն էր կառավարում եւ երբ տանն էին, սպա չի եղել հետները։

«Բոլորին տվել եմ էս հարցը, քեզ էլ են տալիս, տղավարի ես պատասխանում՝ առանց վախենալու՝ ըստ քեզ, դավաճանություն եղե՞լ է, ձեզ դավաճանե՞լ են սպաները, թե՞ չէ»,-հարցրեց ծնողը։

Վկան հարցով պատասխանեց՝ կոնկրետ ո՞վ։

Ղազարյանը շարունակեց․«Եղե՞լ է, որ այդ օրը մեքենան եկել է, որ վիրավորներին հանեք,  ինքը (նկատի ունի Վահանյանին․ Ն․Բ․), նստել, թռել է»։

«Թողել, գնացել է, բայց Հադրութում, վիշկի սարի մոտից»,-պատասխանեց վկան։

«Պատերազմից հետո բա ձեր մեջ մարդակային խիղճ գոյություն չի՞ ունեցել, որ մի օր մի հատ ծնողի  դուռ թակեիք, ասեիք՝ ձեր ցավը տանեմ, մենք էսօր, որ կանք, ձեր տղերքի շնորհքն է։ Դրա համար միշտ ասել եմ՝ էն զինվորն ու սպան, որ կարողացել է զինվորի կյանք փրկի ու չի փրկել, դավաճան է»,-հուզված ասաց Նարեկ Ղազարյանի հայրը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728