Հայկական լեռնաշխարհը գորգագործության հնագույն կենտրոններից է:
Ի սկզբանե գորգը չի ծառայել որպես կենցաղային իր, այլ ունեցել է ծիսապաշտամունքային նշանակություն` դարեր շարունակ ներկայացնելով ազգային կերպարն ու նկարագիրը:
Հայկական գորգերի տեսակներն առանձնանում են գույներով, ինչպես նաև իրենց բնորոշ զարդանախշերով: Իր առանձնահատկություններով աչքի է ընկնում «Խնձորեսկ» տիպի գորգը: Այն հիմնականում բնորոշ է Արցախի, Սյունիքի, Գուգարքի գորգագործական կենտրոններին։
«Խնձորեսկ» տիպի գորգին հատուկ է քառակուսի զարդի մեջ ամփոփված արևի և հավերժության խորհրդանիշը, ինչպես նաև այն բոլորող վիշապի ութ ոճավորումից կազմված հորինվածքը։ Հորինվածքի բաղկացուցիչ մաս են նաև զարդի անկյուններից սկզբնավորված նախշերը։
Կարդացեք նաև
Հայկական գորգերն ամբողջ աշխարհում հայտնի են դարձել նաև ներդաշնակ գույների շնորհիվ: Գորգերը գունավորվել են կարմիրով, սպիտակով, կապույտով, կանաչով, դեղինով և դրանց տարատեսակներով: Դեղին գույնը ստացել են դեղնածաղկից, կարմիր գույնը՝ որդան կարմիրից, ինչպես նաև տորունի արմատներից, կանաչ գույնը՝ ընկույզի կեղևից, որից կարելի էր ստանալ նաև շագանակագույնի երանգները: Նռան կեղևից ստացել են սև գույնը, կապույտ գույն ստանալու համար օգտագործել են տարբեր բույսերից ստացված ներկերն իրար խառնելու տեխնոլոգիան, սակայն հիմնականում Հնդկաստանից ներկրվել է ինդիգո հայտնի ներկանյութը:
Միջնադարում հայկական գորգերի հռչակը մեծապես պայմանավորված էր որդան կարմիրից ստացված երանգներով, և դրա շնորհիվ արաբական խալիֆայության դարաշրջանում հայկական գորգերն անվանում էին նաև «կարմիր գորգեր»:
ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հոգածության ներքո գտնվող գորգերի և կարպետների հավաքածուն ունի պատմամշակութային մեծ նշանակություն: Այստեղ պահվող նմուշների մի ստվար մասը հայոց գորգագործության ուսումնասիրման կարևոր սկզբնաղբյուրներ են: Հավաքածուն հնարավորություն է ընձեռում ավելի լավ պատկերացում կազմել հայոց, ինչպես նաև առաջավորասիական գորգագործական մշակույթի մասին:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
պետական ոչ առևտրային կազմակերպություն