Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ աղջնակին խորհուրդ եմ տալիս սրբազանի անունը տալիս իրեն կոռեկտ պահել»․ Մարտուն Գրիգորյան

Փետրվար 07,2023 18:04

Խորհրդարանի նիստում այսօր հայտարարությունների ժամին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ելույթի ավարտին կրքերը թեժացան․ պատգամավորն ասաց, որ ուզում է արձագանքել իրենից առաջ «ելույթ ունեցած աղջնակին»՝ նկատի ունենալով ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանին։ Իշխանական խմբակցության շարքերից աղմուկ բարձրացավ, եւ նիստը վարող Հակոբ Արշակյանը հորդորեց դադարեցնել ելույթը, քանի որ ժամանակը սպառվել է։ «Այդքան էլ սազական չէ։ Խորհուրդ եմ տալիս սրբազանի անունը տալիս իրեն կոռեկտ պահել»,-ասաց Մարտուն Գրիգորյանը։

«Լսո՞ւմ եք ինձ»,-զուգահեռ բղավեց Հակոբ Արշակյանը։ Նա հորդորեց հարգալից արտահայտվել պատգամավորների հասցեին․ «Այո, ես եմ ասում։ Այլեւս նման կերպ չարտահայտվեք, այլապես սանկցիաներ կկիրառեմ»։

Մարտուն Գրիգորյանին վրդովվեցրել էր Էմմա Պալյանի այսօրվա ելույթը, որում նա Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դիմելով՝ հույս էր հայտնել, որ վերջերս տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթից հետո նա գնացել է եկեղեցի։ Էմմա Պալյանը նշել էր․ «Ամենազավեշտալին այն էր,  որ Շիրակի թեմի առաջնորդը փոխանակ ադրբեջանական կողմին մեղադրեր նոյեմբերի իննի պայմանավորվածությունները չկատարելու մեջ, քաղաքական խոսույթով քննադատեց գործող իշխանությանը։ Նա Լաչինի միջանցքը փակելու մեջ մեղադրեց հայ զինվորին։ Մարդ ինչքա՞ն չսիրի իր հայրենիքը, որ նման նախադասություն ասի։ Հուսամ՝ լսումներից հետո բոլորով գնացել եք եկեղեցի եւ աստծուց ներում հայցել»։

Նկատենք, որ Էմմա Պալյանն ամբողջությամբ չէր մեջբերել սրբազան հոր խոսքերի այդ հատվածը։ Իսկ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հետեւյալն էր ասել․ «Երբ ես գնում եմ Արցախ, ինձ ռուսը, ադրբեջանցին չի կանգնեցնում, հայ զինվորն է կանգնեցնում և ասում՝ չես կարող գնալ Արցախ։ Ուրեմն ո՞վ է փակել ճանապարհը։ Այս ամենն արվում է ՀՀ իշխանության թույլտվությամբ, և այո, ես լրջագույն կասկած ունեմ,  ես թաքուն համաձայնություն եմ տեսնում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, հետո կբացահայտվի երևի․․․»։

Նկատենք նաեւ, որ սոցցանցում որոշ օգտատերեր տարածել էին Շիրակի թեմի առաջնորդի արտաբերած միայն առաջին նախադասությունը՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե նա իբրեւ հայ զինվորին է համարում ճանապարհը փակելու մեղավոր։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728