Ինչպես հայտնել էինք, ԱԺ նիստում այսօր քննարկվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Ըստ ԱԱԾ-ի ձեռքբերած տվյալների՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Ես չէի ուզի, որ այսօր Սեյրան Օհանյանի հարցի քննարկման ժամանակ ընդդիմության աջ թեւում լինեին դատարկ տեղեր: Դուք գիտեք՝ ես ոնց եմ վերաբերվում Սեյրան Օհանյանի ծառայություններին՝ էտապներով: Ես այդտեղ քննարկելու բան չունեմ, դրա համար ես այսօր ելույթ չեմ ունեցել: Բայց ես ուզում եմ, որ ամեն ինչ հստակ լինի, մենք թացը չորի հետ չխառնենք: Եթե կան մեղքեր, այդ մեղքերը ընդունենք: Այսօր լավ հարթակ էր, որ խոսեինք բացթողումների մասին: Բացթողումները նոր չեն ու միայն Սեյրան Օհանյանի օրոք չի, որ եղել է: Միշտ էլ եղել են, ուրիշ բան, թե այդ բացթողումները ինչ հետք թողեցին այս պարտությունների վրա: Խնդիրը զորամասի օտարման անօրինականության մասին է: Զորամասը չի օգտագործվել, որովհետեւ դրա կարիքը չի եղել, բայց դա չի նշանակում, որ չօտարվող զորանոցը կարող է ինչ-որ մեկը ինչ-ինչ զարտուղի ճանապարհներով դարձնել օտարման ենթակա եւ բանկից ստանալ լրացուցիչ հավելյալ գումար»:
Aravot.am-ը հարցրեց՝ դուք Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի ժամանակ էլ չխառնվեցիք, բայց թաղմանը գնացիք, հայտարարեցիք, որ մարտական փառահեղ ուղի է ունեցել, հերոս էր եւ այլն, հիմա էլ Սեյրան Օհանյանի դեպքում եք լռում ու ասացիք՝ ելույթ չեք ունեցել, ինչո՞ւ չեք խոսել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ չէր կարող ուրանալ Մանվել Գրիգորյանի անցած ուղին, ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին՝ ասաց. «Ես հրաժարվե՞լ եմ դրանից: Երբե՛ք, չեմ կարող ուրանամ այն ճանապարհը, որը մեզ բերել է 94-ի հաղթանակներին, դա անհնարին է ուրանալ, ուրիշ բան, թե ինչ եղավ հետո ու ինչու այդպես եղավ: Եթե մենք հիմա դասեր չքաղենք այդ ինչու-ներից, մենք վաղը էլի արձանագրելու ենք անհաջողություններ, իսկ անհաջողություն նշանակում է մարդկային կորուստներ: Մանվել Գրիգորյանը եկավ կանգնեց ԱԺ ամբիոնի մոտ, ասաց՝ ինձ կալանավորեք: Ինչո՞ւ ասաց, որովհետեւ մի հատ իրավիճակ էր, որտեղ ինքը սկսեց հակասությունների մեջ մտնել իր անցած ուղու եւ արձանագրված իրողությունների հետ, անճշտություններ կային»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ