Ազգային ժողովը որոշում էր կայացրել փակ նիստով քննարկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքները։ Այսօր այդ նիստում զեկույցով հանդես է եկել ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:
Փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց. «Համերաշխությունը մեր կարեւոր ձեռքբերումը պիտի լինի եւ այսօր ոնց որ թե այդ նախանշանները դրվեցին: Ընդդիմությունը ծանոթացավ այն ծրագրերին, որոնց դեռ ծանոթ չէր, շատ կարեւոր տեղեկատվություն ստացավ, որն իրենց առողջ մտածելու տեղիք կտա»:
Հարցին՝ Ազատ գյուղում զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի մասին անդրադարձ եղա՞վ՝ նա պատասխանեց, որ ոչ, բայց քննարկվել է, թե ինչպիսի նման վտանգավոր օջախներ կան ու ոնց պետք է դա հաղթահարել:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ վատի մասին խոսում են, բայց պետք է լավն էլ տեսնել. «Լավի մասին ՊՆ նախարարը այսօր մանրամասն թվերով ներկայացրեց, թե ինչ դժվարությամբ առաջնագծի որ հատվածում ինչ խնդիրներ են լուծել: Ինժեներական կառույցների մասին է խոսքը, բայց ծավալն այնքան մեծ է, որ ակնկալել, որ մենք վաղը կունենանք այն, ինչ ունենք այլ հատվածներում, այդպես չի: Բայց դա ընթացք է ու այդ ընթացքը պետք է թափ ստանա ու ստանում է: Ընդդիմությունն ընդունեց, որ զորամասերում կան խնդիրներ ու միասնաբար պետք այդ խնդիրներին առնչվել»:
Դիտարկմանը՝ Գեղամ Մանուկյանն այցելել է զորամասեր ու ասում էր՝ եթե դուք լինեիք այդ զորամասերում, ձեր լացը կգար՝ Քոչարյանն արձագանքեց. «Իսկ ի՞նչ է կարծում Գեղամ Մանուկյանը, ես այդ զորամասերում չե՞մ լինում: Գանք եւ լացե՞նք: Չէ, պետք է գնանք, տեսնենք ու աշխատենք: Լացելով ոչ մի հարց չի լուծվի: 90-ականներին էլ եթե բոլորս լացեինք, ոչ մի արդյունք չէինք ունենա»:
Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ փակ նիստում քննարկումը կառուցողական է եղել, ընդդիմությունն էլ Սուրեն Պապիկյանի հրաժարականը չի պահանջել. «Ինչի՞ հրաժարականի պահանջ հնչեր: Նախարարը որեւէ բաց հարց չի թողել, ի՞նչ հրաժարական: Ասենք, հրաժարականներով գնացինք, ո՞ւր ենք գնում: Նախարարը հնարավորություն ունեցավ ծրագրային ամբողջ փաթեթը ներկայացնել, իսկ ընդդիմությունը, եթե բավարարված է, իսկ ես հարցերից էլ հասկացա, որ եթե իրենց մոտ էլ հարցերը սպառվեցին, նշանակում է՝ հարցերի ներկայացումն իրենց բավարարեց»:
Ճշտեցին՝ կարելի՞ է ասել, որ փակ քննարկումն այլ մթնոլորտում ընթանում՝ նա պատասխանեց. «Փակ քննարկումը շատ էֆեկտիվ է, բաց քննարկման դեպքում բոլորն ուզում են ինչ-որ ձեւ ցույց տալ ձեզ, այս հանրությանը, որ մենք ամենա ընենց կրուտոյ տղերքն ենք, այդպես չի, այս հանդիպումը նման ֆորմատով ամենաճիշտն էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ