Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդեսին մասնակցում են նաեւ ՌԴ–ի դեմ պատժամիջոցներ կիրառած պետությունները․ Սերգեյ Կատիրին

Փետրվար 07,2023 17:28

Մոսկվայում բացվեց «Պրոդէքսպո – 2023» խոշորագույն միջազգային ցուցահանդեսը, որը Արևելյան Եվրոպայի տարածքում սննդամթերքի և խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերություններին տարին մեկ անգամ բացառիկ հնարավորություն է տալիս հանդիպելու «Էքսպոցենտր» ցուցահանդեսային տաղավարի անծայրածիր հարթակում։

«Պրոդէքսպո» -ն այս տարի հոբելյանական է՝ բացվում է 30-րդ անգամ։ Բացման արարողությանը ներկա ՌԴ Առևտրա-արդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինի խոսքերով, չնայած Ռուսաստանի դեմ ծավալվող պատժամիջոցների, միևնույն է ցուցահանդեսը տարեցտարի ավելի է մեծացնում իր աշխարհագրությունը։

«Եթե դուք ուսումնասիրեք ցուցահանդեսին մասնակից երկրների ցանկը, ապա կտեսնեք, որ դրանց թվում բազմաթիվ ընկերություններ կան, որոնք ներկայացնում են այն պետությունները, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ։ Պարզվում է նրանց համար բիզնեսը կարևոր է քաղաքականությունից», – բացման իր խոսքում նշեց Սերգեյ Կատիրինը։

Այս տարի «Պրոդէքսպո»- ին մասնակցում են ընկերություններ Ավստրիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Պորտուգալիայից և Շվեյցարիայից։ ՌԴ Առևտրա-արդյունաբերական պալատի ղեկավարի խոսքով՝ արտասահմանյան հյուրերը հրաշալի հնարավորություն ունեն համոզվելու, որ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն խեղճացրել Ռուսաստանին և տեսնելու, թե ինչ մեծ քանակությամբ և բարձր որակի նոր արտադրողներ են հայտնվել ռուսական շուկայում։

«Պրոդէքսպո»- ի մոտ 100 000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող հսկա ցուցահրապարակում, հրաշալի կահավորված տաղավարներում՝ ներկայացված են նաև Հայաստանից ժամանած սննդի ու խմիչքների արտադրությամբ զբաղվող քսանից ավելի ընկերություններ։

Գինիներ, կոնյակ, հրաշալի համ ու հոտի պահածոներ և հրուշակեղեն։ Սակայն, ինչ խոսք՝ հայկական կոնյակը, իսկ վերջերս էլ արդեն գինին, առանձնահատուկ գրավչությամբ են իրենց մոտ ձգում այցելուներին և տվյալ ոլորտով զբաղվող գործարարներին։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զառա Մուրադյանի խոսքերով, Հայաստանում գինեգործության ոլորտը աննախադեպ զարգացում է ապրում։ Ըստ նրա, եթե 2018-ին կար գինի արտադրող մոտ 25 ընկերություն, ապա այսօր դրանց թիվը հասնում է 150-ի։

Ցուցահանդեսի մասնակից մոսկվայաբնակ գործարար Կարեն Խաչատրյանի խոսքերով էլ, Ռուսաստանի դեմ տարվող պատժամիջոցները, թերևս բարենպաստ ազդեցություն ունենան Հայաստանից ներմուծման շուկայի վրա, քանի որ մեր գինիների խնդիրը բարձր գինն է, իսկ այսօր, երբ եվրոպական բարձր գնային սանդղակի ապրանքը լքում է ռուսական շուկան, ապա հույս կարելի է ունենալ, որ դրա տեղը կարող է գրավել հայկականը։

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728