Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ գյուղում տեղակայված ժամանակավոր կացարանը վերջի՞նն էր, ուրիշ նման զորամաս չկա՞». զոհվածի հայրը՝ Սուրեն Պապիկյանին

Փետրվար 07,2023 17:12

«2018 թվականին, երբ այս շարժումը սկսվեց, տղաս իրավաբան էր, երբեք հեռուստացույցի առաջ չէր նստում, որ Նիկոլի դեմքը չտեսներ: Մենք՝ ընտանիքով Նիկոլին չենք ընտրել, ես սա չեմ ասում արդարանալու համար, ուղղակի մեր մտածելակերպն ու մոտեցումն եմ փաստում: Ես ասում էի՝ Գեւոր ջան, ինչի՞ համար ես էսպես անտարբեր, չէ՞ որ ինքը խոստանում է, ինքը մի բան ասաց՝ պապ, մենք պատմությունը չպիտի մոռանանք, մարդիկ, երբ որ նման ձեւով գալիս են իշխանության, քանդուքարափ են անում ամբողջ երկիրը ու սկսեց անուն-ազգանուններ տալ՝ Լենին, Հիտլեր, Մուսոլինի եւ այլն: Ասաց՝ Աստված չանի, որ գա, քանդուքարափ կանի. ու դե էսպես էլ եղավ, ի՜նչ ասեմ: Մեր որդիները պատահական չզոհվեցին, մեր որդիներն այս հող ու ջրի համար են զոհվել, իսկ այս հող ու ջուրը կոչվում է հայրենիք՝ իր տնտեսական կարողություններով, իր ամեն ինչով»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ իր հիշողությունները բարձրաձայնեց 44 օրյա պատերազմի ժամանակ՝ նոյեմբերի 7-ին, Շուշիում զոհված Գեւորգ Ամիրխանյանի հայրը՝ Բորիկ Կոյտիկովը:

Նա հանրությանը կոչ է անում՝ վերջապես բացել աչքերը տեսնել իրողություններ, որոնք մեկնաբանությունների կարիք արդեն չունեն, քանի որ շատ խոսուն են և, ըստ այդմ, գործել, այլապես, եթե իշխանությունը հաջողի եւ նրա սկսած, այսպես կոչված, խաղաղության գործընթացը դառնա իրականություն, 3 միլիոնանոց Հայաստանը 60 միլիոնանոց Թուրքիայի ձեռքում դառնալու է պատանդ: Նա վստահ է, որ եթե հայ ժողովուրդը բանական լինի, դեռ հնարավոր է կանխել շատ վերահաս աղետներ: Բայց նա չի հասկանում, թե էլ ի՞նչ պիտի լինի, որ ժողովրդի աչքերը բացվեն:

Բորիկ Կոյտիկովը շատ է վշտացած այն ամենից, ինչ կատարվում է մեր հասարակությունում, անգամ 44-օրյա պատերազմից հետո նա որեւէ կերպ չի կարողանում հասկանալ եւ հաշտվել պատերազմում որդուն կորցրած մեր հայտարարության հետ՝ «որդուս կորցրեցի՝ Նիկոլ գտա»: «Այդ ի՞նչ ինստիտուտներ են մեզ վրա աշխատել, որ մեր ուղեղներն այսպես լվանային, որ մեզ՝ մեր հոգու աշխարհից հանեցին, որ մենք վերածվեցինք եսիմինչի. ժամանակն է այս հարցը տալու»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ ինքը հուսահատված չէ, վստահ է, որ գալու են լավ ժամանակներ, բայց որպեսզի այդ ժամանակները գան, մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ ինքն է իր տունը քանդել, այլոց չմեղադրի ու եթե վերակառուցման գործընթացը երկարի, յուրաքանչյուրը թող իրեն մեղադրի, ոչ թե այլոց:

«Մինչեւ 44-օրյա պատերազմը՝ մենք չենք եղել Թուրքիայի եւ Ադրբեջանի ճիրանների մեջ, այսօրվա դրությամբ, մենք գտնվում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի ճիրանների մեջ, մեզ ցանկանում է օգնել Իրանը եւ… չեմ ուզում անունը տալ, որ ուղղորդում չլինի, թողնում եմ մարդկանց բանականությանը. ի՞նչ եք մտածում, մնանք Թուրքիայի եւ Ադրբեջանի ճիրանների մե՞ջ: Եթե մնանք՝ խեղդվելու ենք»,- ասաց Բորիկ Կոյտիկովը՝ բերելով Վրաստանի օրինակը եւ հավելելով, որ 2018-ից արդեն Թուրքիայի եւ Ադրբեջանի ճիրանների մեջ ենք, հարուստ երկրներ են, գումարներ են ներդրել, եվրոպաներում էլ խավիարային դիվանագիտություն են տարել, որպեսզի այսօր մեզ պարտադրեն այն, ինչն իրենք են ցանկանում: Այս ամբողջի մեջ իր համար ամենացավալին այն է, որ հայկական բանակը նման վիճակում հայտնվեց ու չի հասկանում, թե ո՞նց կարելի էր 6 միլիարդ դոլարի զենքը թողնել ադրբեջանցիներին ու գնալ, որ անգամ Ալիեւն է զարմացած, թե որտեղի՞ց հայերին այսքան զենք:

Զոհվածի հայրը հետեւել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ վերջին այցելությունների մասին տեղեկություններին, տեսել է հեռուստատեսությամբ ցուցադրվող զորամասերի կադրերը՝ գեղեցիկ կահավորված, մաքուր սպասքներով եւ այլն ու հարց ունի նախարարին՝ «Ազատ գյուղում տեղակայված ժամանակավոր կացարանը վերջի՞նն էր, ուրիշ նման զորամաս չկա՞. ցուցադրական բաներ են»:

Զոհվածի հայրը մի բանում է համոզված՝ «իրենց սիրտը չի ցավում, իրենք միայն պարգեւավճարների մասին են մտածում, ես վստահ չեմ, որ այդ պարգեւավճարներից բացի՝ իրենք այլ գումար չեն ստանում»:

Հիշեցնում է, երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ մտավ կառավարական առանձնատներ, հեռախոսով ուղիղ եթեր էր մտել եւ շրջում էր. «Բաղնիք-զուգարան չտեսած մարդը, շատ ուտելիքներ կային, որոնց անունները ինքը երեւի չէր լսել, ի՞նչ եք կարծում, իրեն ինչպե՞ս պիտի դրսեւորեր: Ես լսել եմ, որ Սերժ Սարգսյանի ժամանակ եղած կահույքն է հետո փոխել։ Հարցը վերանորոգման վրա ծախսած մեկ միլիոն դոլարը չի, հարցն այն է, որ ինքն արդեն չէր կարող ժողովրդի համար հարցեր լուծել, մանավանդ, մեծ քաղաքական հարցեր պիտի լուծեր, արդեն տրվեց էդ ամառանոցներին: Ասում էր՝ երեք միլիոն ժողովուրդ, երեք միլիոն վարչապետ, բայց ամենակարեւորը չասեց՝ աթոռը մեկն է ու ինքը պիտի նստեր էդ աթոռին: Ժողովուրդը շատ է ընկել քաղաքականության մեջ, իրենց թվում է, թե ամեն բան հասկանում են… էս կառավարությունը մեզնից այնքան բաներ է թաքցնում ու ժամանակը գալիս է՝ ուշացած տեսնում ենք, որպեսզի վաղը էլի չուշանանք, այսօր պիտի միավորվենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728