Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտեցին ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի ելույթն ու վարքագիծը. «Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսույթում, մասնավորապես՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների ելույթներում հաճախ են հնչում հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում: Նմանատիպ հայտարարությամբ վերջերս հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին»:
Այս առնչությամբ այսօր լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեցին՝ պատրաստվո՞ւմ էթիկայի հանձնաժողով հրավիրել, խախտում տեսնո՞ւմ է: Նա պատասխանեց. «Ոչ, չեմ տեսնում, համարում եմ, որ ընկալումը Արցախի մեր գործընկերների ճիշտ չէ, որովհետեւ հենց պարոն Արսենյանը անձամբ ոչ միայն հիմա, այլեւ տարիներ շարունակ այնքան շատ բան է արել Արցախի համար, որ չեմ էլ ուզում թվարկեմ: Ընկալումը ճիշտ չէ, այդ թեմայի մասին ճիշտ չէ խոսել»:
Հարցին՝ չի՞ ասել՝ 120 հազար արցախցիներ եւ 3 մլն հայաստանցիներ՝ նա պատասխանեց. «Իմիջիայլոց, ճի՞շտ եմ հիշում, որ Արսենյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորն է, ՀՀ ԱԺ-ն է, չէ՞, հաստատում կառավարության ծրագիրը, որ նույն բյուջեով Արցախ գնում է կոմունալ վճարումները, աշխատավարձերը, բոլոր հնարավոր օգնությունները: Իմիջիայլոց, Արսենյանը ԱԺ պատգամավոր է, որն այդ ամենն անում է: Որ Արցախի խմբակցությունների հայտարարություն են անում, պարոն Արսենյանը Հայաստանի Հանրապետությա՛ն պատգամավորն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ