Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դատախազ Հրանտ Ասրյանը Ապարանի մի բնակչուհու դրդում է ինքնասպանության՝ ըստ հանցագործության մասին բնակչուհու հաղորդման

Փետրվար 07,2023 16:39

Հունվարի 31-ին Արագածոտնի մարզի բնակիչ Գ. Ա-ն ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային բաժնում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Հրանտ Ասրյանը դրդել է իրեն ինքնասպանության՝ ստիպելով իր չկատարած արարքի համար մեղքը վերցնել իր վրա: Գ.Ա-ն պատմել է, որ դատախազ Ասրյանը 2022թ. մայիսի 17-ին իր աշխատասենյակում ստիպել է իր կայացրած որոշման դեմ ներկայացրած իր բողոքը հետ վերցնել, իսկ 2022թ դեկտեմբերի 21-ին նույն աշխատասենյակում ստիպել է ընդունել մեկ այլ գործի շրջանակներում իրեն առաջադրված մեղադրանքը: Կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Քաղաքացի Գ. Ա-ն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ դատախազի հետ խնդիրները սկսել են իր հորական տնից գույքի հափշտակության գործից, երբ վերանորոգողը տան նորոգման ընթացքում հափշտակել է իրենց պատկանող գույքը ու ինքը այդ կապակցությամբ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Ա-ն պատմեց, որ թեեւ գողոնը վերանորոգողի տանն ինքն անձամբ բռնացրել է, խուզարկությամբ հայտնաբերել են նաեւ իրավապահները, բայց վարույթ իրականացնող մարմինը վարույթը կարճել է գողի չհայտնաբերման հիմքով: Մեր զրուցակցի պատմելով՝ իր համար անհասկանալի հանգամանքներում գործը վերահսկող դատախազ Ասրյանի որոշմամբ, գողոնը ի պահ է տրվել հենց գողին:

«Երբ ես զայրացած ասացի՝ ինչպես եք իմ գույքը ի պահ տալիս ուրիշին, ի պահ տայիք ինձ, քննիչն ասաց՝ միջնորդություն գրի, թող տան քեզ: Միջնորդություն գրավոր ներկայացրի դատախազին, հնգօրյա ժամկետում ինձ պետք է պատասխան տային, մինչեւ այսօր ես այդ պատասխանը չեմ ստացել »,- պատմեց Գ. Ա-ն: Նա այդ գործով դատախազի որոշումներն ու գործողությունները բողոքարկել է դատարանով, սկսվել է քննություն: Հենց դատարան ներկայացված այդ բողոքն էլ դատախազ Ասրյանը ստիպել է, որ Գ.Ա-ն հետ վերցնի, ինչը վերջինս կատարել է՝ հրաժարվելով բողոքից:

Մեր զրուցակցի պատմելով՝ երբ հասկացել է, որ գողությունը իրավապահները չեն ցանկանում բացահայտել, փորձել է մոր հետ խաղաղ ճանապարհով այդ հարցը հարթել եւ գնացել են իրենց տունը վերանորոգողի եւ գույքը հափշտակած անձի տուն, որը նաեւ իրենց հին ծանոթներից է եղել:

Գ. Ա-ի պատմելով՝ այդտեղ իրենք  միջադեպ են ունեցել վերանորոգողի ու վերջինիս հղի կնոջ հետ, փոխադարձ հրմշտոց է եղել, ծեծի հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ, սակայն ծեծի չհաստատված լինելու հիմքով հետագայում վարույթը կարճվել է:

Բայց ամիսներ անց,  Գ. Ա-ի համոզմամբ, դատախազի գործողություններից իր շարունակական բողոքներից հետո, դատախազը կարճված վարույթի  մի առանձնացված մասով մեղադրանք է առաջադրել միայն իրեն՝  վերանորոգող անձի տան անձեռնմխելիությունը խախտելու հիմքով, իսկ արդեն այս տարվա փետրվարի 3-ին Գ.Ա-ն անակնկալի է գալիս  այդ նույն գործի շրջանակում առաջադրված մեկ այլ մեղադրանքից. այս անգամ մեղադրվում է վերանորոգողի հղի կնոջը բռնության ենթարկելու համար:

«Այն դեպքում, երբ այդ միջադեպին մասնակից են եղել չորս հոգի՝ վերանորոգողը, նրա կինը ես ու մայրս, բայց չգիտես՝ ինչու միայն ինձ է մեղադրանք առաջադրվում : Այստեղ ակնհայտ է դատախազի լարվածությունն ու տրամադրվածությունը իմ դեմ»,- համոզված է Գ.Ա-ն:

Գ.Ա-ի պատմելով՝ դատախազի ստիպելով դատարան ներկայացրած իր բողոքից հրաժարվելուց հետո դատախազը  ստիպում է նաեւ ընդունել մեղքը, որ խախտել է վերանորոգողի տան անձեռնմխելիությունը: Ինչը, ըստ մեր զրուցակցի, ինքը չի կատարել: Խնդիր է նաեւ այն, որ մեր զրուցակիցը առողջական լուրջ խնդիրներ ունի՝ վահանաձեւ գեղձի չարորակ ուռուցք ու դատական եւ վարույթային ձգձգվող գործընթացների պատճառով չի կարողանում ո՛չ վիրահատվել, ո՛չ անհրաժեշտ բուժումը ստանալ:

Դատախազ Հրանտ Ասրյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728