Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագիծ. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե կստեղծվի

Փետրվար 07,2023 16:35

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Նախագծերի նպատակը բարձրագույն կրթության և գիտության բնագավառների մեկ միասնական քաղաքականության իրականացումն է, այդ բնագավառները կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու բնագավառների պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը:

Նախագծերով հստակեցվում են բարձրագույն կրթության և գիտության ոլորտների քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների լիազորությունները: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է պետական կառավարման համակարգում ունենալ նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը գործելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ և իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Մարմնի գործունեության ոլորտին են վերապահվելու ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի, ինչպես նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները` ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը և ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:

Հիշեցնենք, որ ներկայում շրջանառության մեջ է գտնվում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը կոչված է գիտության և բարձրագույն կրթության բնագավառներում պետական միասնական քաղաքականության ապահովմանը, և վերջինիս իրականացման համար ևս անհրաժեշտ է միասնական ինստիտուցիոնալ համակարգ: Սրան զուգահեռ՝ գիտական աստիճանաշնորհման համակարգում պետական քաղաքականությունը միտված է աստիճանաշնորհման գործընթացի վերանայմանը և դեպի բուհական համակարգ տեղափոխմանը, ինչի արդյունքում փոփոխվելու են աստիճանաշնորհման ընթացակարգերը, և նվազեցվելու է գործընթացում պետության ներգրավվածության աստիճանը:

Վերոնշյալ գործառույթները նոր ձևավորվող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին փոխանցմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում:
««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծով նաև առաջարկվում է ներմուծել կամ հստակեցնել մի շարք հասկացություններ: Մասնավորապես՝ առաջարկվում է լրացնել «ճարտարագիտատեխնիկական աշխատող», «գիտամանկավարժական (գիտակրթական) աշխատող», «գիտական դրամաշնորհ» և «գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգ» հիմնական հասկացությունները: Ոլորտի ֆինանսավորման «պայմանագրային (թեմատիկ)» ձևի անվանումն առաջարկվում է փոխել «գիտական դրամաշնորհային» ձևակերպմամբ` այն համապատասխանեցնելով ֆինանսավորման նոր ձևին:

Նոր նախագծով նաև կանոնակարգվում է գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման ընթացակարգը: Այսպիսով՝ պետական բյուջեի հաշվին գիտական աստիճանի համար հավելավճար նախատեսվում է տրամադրել միայն պետական ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և աշխատանքի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող գիտական աշխատողներին, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա ոլորտում հիմնական աշխատանքի անցնելու/մնալու համար: Իսկ 70 տարին լրացած և պետական գիտական ու գիտատեխնիկական ծրագրերում չընդգրկված գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարում առնվազն ութ տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց նախատեսվում է կենսաթոշակից բացի տրամադրել ամենամսյա հավելավճար` գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով: Փոփոխությունների նպատակը որոշակի սոցիալական երաշխիքների և հիմքերի ստեղծումն է` ոլորտում սերնդափոխության իրականացման համար:

Նախագծով նախատեսվում է գիտական դրամաշնորհային ծրագրերի շրջանակում արտերկրի կենտրոններում մեկ ամսից ավելի տևողությամբ մասնագիտական վերապատրաստման ընթացքում ֆինանսավորումը կազմակերպել միջազգային շարժունության ծրագրերի նմանությամբ` ֆինանսական աջակցությամբ (scholarship): Նախագծով նաև լրամշակվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող հոդվածը:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտները կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը բարձրագույն կրթության և գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կնպաստի ոլորտների առաջընթացին և դինամիկ զարգացմանը:

Նախագծերի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. փետրվարի 22-ը ներառյալ` իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի վերաբերյալ հանրային լսումը նախատեսված է փետրվարի 20-ին՝ ժամը 14.00-ին, Գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22):

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728