Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«150 -200 հազար ռուսաստանցի տեղափոխվեց ՀՀ, 90 հազար հաշիվներ բացվեցին, 450 նոր ընկերություններ սկսեցին գործել ՀՀ-ում»․ Գևորգ Պողոսյան

Փետրվար 07,2023 16:31

«Մենք միշտ խոսել ենք արտագաղթի մասին, բայց երբեք չենք խոսել՝ արդյոք ունե՞նք ՀՀ-ից դուրս գնացած հայերի ներուժ, որոնք ուզում են վերադառնալ»,-Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը։

Նա նշեց, որ հենց այս խնդիրն էլ դարձել է ռուս գործընկերների հետ համատեղ հետազոտության առիթ։ Վերջերս ՌԴ ԳԱԱ ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ լույս է տեսել «Ինտեգրո՞ւմ, թե՞ հայրենադարձություն. հայկական սփյուռքի սոցիալ-տնտեսական ներուժը» ծավալուն ուսումնասիրությունը։ Այն պատասխանում է հարցերին՝ ռուսաստանյան ո՞ր շրջաններում են հայեր ապրում, ինչպիսի՞ն է նրանց սոցիալ-տնտեսական ներուժը, ինչ պայմաններում կհամաձայնեն վերադառնալ Հայաստան։

Գևորգ Պողոսյանը փաստեց՝ ՀՀ-ում վաղուց արդեն նկատում ենք, որ բնակչության թիվը նվազում է, և կառավարությունն, իշխանությունները խնդիր են դրել խթանել բնակչության աճը։ Այս առիթով սոցիոլոգը նշեց․ «Կա երկու ճանապարհ․ կամ խթանում եք բնակչության աճը՝ ծնելիության ավելացման եղանակով, կամ մեխանիկորեն դրսից մարդկանց եք բերում ձեր երկիր։ Եվրոպայում երկու մեխանիզմն էլ օգտագործվում է։ ՀՀ-ում մոտ տասը տարի ծնելիության խթանմանն ուղղված ջանքեր են կիրառվում կառավարության կողմից։ Բայց կա մի խնդիր, որն անլուծելի է։ ՀՀ-ն աշխարհում ամենաուրբանիզացված երկրների շարքում է․ բնակչության 70 տոկոսն ապրում է քաղաքներում։ Քաղաքային բնակչությունը 3-7 երեխա չի ունենում, ինչքան էլ մեծ գումարներ վճարվեն։ Շատ մեծ արդյունքի ուստի հասնել հնարավոր չէ։ Երկրորդ մեխանիզմը բնակչության ներգաղթն ու հայրենադարձությունը կազմակերպելն է»։

Անդրադառնալով ՌԴ-ում հայերի թվին՝ Գևորգ Պողոսյանը նշեց՝ ըստ Ռուսաստանի հայերի միության տվյալների՝ ՌԴ-ում ապրում է 2,5 միլիոն հայ։ Հետո էլ շարունակեց․ «Ըստ ՌԴ մարդահամարի՝ մեկ միլիոնից ավելի հայեր կան ՌԴ-ում։ Կան մարդիկ, որոնք այնտեղ գրանցված չեն, բայց վաղուց բնակվում են ՌԴ-ում։ Հետևաբար` հայրենադարձության ամենամեծ ներուժը Ռուսաստանի հայությունն է․ մոտ ՀՀ բնակչության չափ հայություն կա ՌԴ-ում՝ ոչ պաշտոնական տվյալներով՝ 2,5 միլիոն»։

Գևորգ Պողոսյանը նշեց՝ հայաստանյան գիտնականները ուսումնասիրել են 500 ընտրված ընտանիքներ, որոնց բարեկամները գտնվում են ՌԴ-ում, իսկ ՌԴ գիտնականները ուսումնասիրել են 1200 հայերի։ Հարցվածների մոտ տասը տոկոսը՝ ՌԴ-ում և ՀՀ-ում մարդիկ էին, որոնք մտադիր են մոտակա ժամանակներում վերադառնալ ՀՀ։ Գևորգ Պողոսյանը պարզաբանեց․ «Հասկանալի է, որ խոսքը ոչ թե այն մարդկանց մասին է, որոնք ծնվել են ՌԴ-ում, կամ նրանց պապերը ծնվել են ՌԴ-ում, այլ այստեղից գնացած մարդկանց մասին։ Նրանք մոտ մեկ միլիոն են կազմում։ Եթե հայրենադարձությունը դրա տասը տոկոսը լինի, դա կկազմի հարյուր հազար մարդ»։ Սակայն հայրենադարձության համար պայմաններ են անհրաժեշտ։

Անդրադառնալով ՀՀ կառավարության նպատակներին՝ 2050-ին ունենալ հինգ միլիոն բնակչություն, սոցիոլոգն ասաց․ «Եթե մենք այս խնդիրը լրջորեն ենք դնում, սա նշանակում է, որ երեսուն տարում երկու միլիոն մարդ պետք է վերադառնա ՀՀ՝ տարեկան 35-40 մարդ։ Իհարկե, տեսականորեն հնարավոր է, բայց նրանց համար պետք է ստեղծել աշխատատեղ, բնակարան, երեխաների ուսման հնարավորություն»։

Գևորգ Պողոսյանը փաստեց, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ներգաղթ եղավ ՀՀ ու մանրամասնեց․ «Ահռելի թվով մարդիկ եկան ՀՀ՝ 150 -200 հազար ռուսաստանցի տեղափոխվեց ՀՀ։ Նրանցից 17-20 հազարն ընդունել է ՀՀ քաղաքացիություն, 90 հազար հաշիվներ բացվել են ՀՀ-ում, 450 նոր ընկերություններ սկսեցին գործել ՀՀ-ում։ Սա այն ներուժն է, որն առանց մեր ջանքերի տեղափոխվեց ՀՀ։ Ինքնաբերաբար ստացվեց այն, ինչ տասը տարվա ջանքեր էր պահանջում։ Բայց պետք է հաշվի առնենք, որ այս մարդիկ ժամանակավոր են եկել ՀՀ։ Մոտ 15 տոկոսն այդ 15-200 հազարից հայեր էին, մի մասը մեկնեց Վրաստան, հետո ուրիշ երկրներ։ Հնարավոր է՝ երբ ՌԴ-ում իրավիճակը կրկին լավանա, վերադառնան։ Սա ժամանակավոր ռեսուրս է։ Սա հայրենադարձություն համարել չենք կարող, բայց այն մեխանիզմն է, որը հուշում է մեզ հնարավոր ճանապարհ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728