Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ցավոք, մեր հարևան երկիրը դեռևս պատրաստ չէ կամ, համենայն դեպս, իր գործողություններով ապացուցում է, որ պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը». ՀՀ նախագահն ընդունել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար

Փետրվար 07,2023 16:27

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության Արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-խորվաթական բարեկամությանը՝ առավել զարգացնելով և ամրապնդելով երկու երկրների միջև ձևավորված փոխգործակցությունը։

«Համոզված եմ, որ Ձեր այցն ավելի կամրապնդի հայ-խորվաթական բարեկամությունը և կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը: Նման այցելությունները նպաստավոր են մեր հետագա անելիքները ճշգրտելու, քննարկելու, կողմնորոշվելու և նոր հորիզոններ նախանշելու տեսանկյունից: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեր դիրքորոշման համար ԵՄ դիտորդներ Հայաստան ուղարկելու վերաբերյալ: Ցավոք, մեր հարևան երկիրը դեռևս պատրաստ չէ կամ, համենայն դեպս, իր գործողություններով ապացուցում է, որ պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեր այցը և մաղթում արգասաբեր աշխատանք»,- իր խոսքում ասել է նախագահը:

Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Սա իմ առաջին այցն է Հայաստան, հայ-խորվաթական հարաբերությունների պատմության ընթացքում Խորվաթիայի նախարարի առաջին պաշտոնական այցը Հայաստան: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հանդիպել Ձեզ, ինչպես նաև մեր հայ գործընկերների հետ այս երկօրյա այցելության շրջանակում: Կարծում եմ, որ մենք պետք է հաստատենք ավելի սերտ համագործակցություն և ընդլայնենք գործակցության շրջանակը՝ միասին շատ ավելին անելու նպատակով»,- ասել է Գորդան Գրլիչ Ռադմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորություններին: Այս համատեքստում ողջունելի է համարվել Խորվաթիայի նախարարի այցի շրջանակում նախատեսված համատեղ գործարար համաժողովի անցկացումը: Երկուստեք կարևորվել է տնտեսական ոլորտում չօգտագործված ներուժի իրագործմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, նշվել է, որ փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացվել մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, զբոսաշրջության և այլ բնագավառներում:

Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամին և այն հնարավորինս արագ հանգուցալուծելու կարևորությանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728