Ինչո՞ւ Երեւանը չարձագանքեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, սպասելի՞ էր ռազմավարական դաշնակցից նման հայտարարություն. այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցերին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ի՞նչ արձագանքենք, ասենք՝ ամեն ինչ այնպես է, ինչպես մենք ասե՞լ ենք ու մեզ մեղադրել են, թե այդպես չի: Մեր գործընկերները եկել էին այստեղ ռուս պատգամավորի հետ կապված, չէին գալիս ԱԺ օրենքները քննարկելու, ՍԴ դատավոր ընտրելու, բայց եկել էին՝ նիստին մասնակցում էին, պաշտպանում էին: Ի՞նչ արձագանքեմ: Ամեն ինչ պարզ է ու գործընթաց է, որին չպետք է խանգարել: Նոր բան չի հնչել մեր համար»:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսելով այն մասին, թե ինչու ՀԱՊԿ երկրները միանշանակ չդատապարտեցին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները 2022-ի սեպտեմբերին, հայտարարել է. «Ղարաբաղյան այս պատերազմի պատմությունը գալիս է տասնամյակների խորքից և երբ երկար-երկար տարիներ Հայաստանն օկուպացված էր պահում Ադրբեջանի շուրջ 7 շրջանները, և հետո, երբ հուսահատված քաղաքական ճանապարհով հարցը լուծելուց՝ Ռուսաստանն առաջարկում էր բազմաթիվ տարբերակներ, որոնք դեռ Հայաստանի նախկին ղեկավարությունն այնքան էլ լավ, դրական չէր ընդունում՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց նկատմամբ երբևէ հավակնություններ չի ունեցել: Հետևաբար` Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք իրեն են պատկանում»:
Ալեն Սիմոնյանը հարցին՝ ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ պատրաստ ենք Հայաստան առաքելություն ուղարկել, եթե դիմեն՝ պատասխանեց. «Ես վստահ չեմ, որ այդ հնարավորությունը կա, որովհետեւ, ինչպես նույն հարցազրույցում հնչեց, այդ կազմակերպությունում կան շատ տարբեր երկրներ, որոնք ունեն իրենց շահերը եւ ես վստահ չեմ, որ իրենցից մեկը վետո չի դնի: Ավելի մանրամասն տեղյակ չեմ, որովհետեւ մեզ չեն ասել: ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի ղեկավարը իր կարծիքն էր ասում Ադրբեջանի ու Ալիեւի հետ կապված, ես չգիտեմ՝ ինչն է փոխվել: Այն ամենը, ինչ մենք պահանջում էինք, քաղաքական հստակ գնահատականն էր, իրենք այդ գնահատականից նույնիսկ հետ կանգնեցին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ