«Ես շատ ցավում եմ, որ այս նիստը փակ էր: Այն, ինչի մասին մենք խոսում էինք, պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո հաճախ հնչած թեմաները շատ հետաքրքիր պատասխան գտան այստեղ»,- այսօր ԱԺ-ում հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ինչպես հայտնի է, այսօր ԱԺ նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Ընդդիմությունը շոու որակեց այն ու հեգնեց, որ 71 զորամաս օտարողները, բանակը քանդողները Սեյրան Օհանյանին մեղադրում են զորամաս օտարելու մեջ:
Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ցավով եմ մոտենում ընդդիմության արձագանքին: Ես չեմ կարծում, որ ընդդիմության որեւէ գործողություն վերջին ակցիաներից հետո կարող է ՀՀ ժողովրդին որեւէ բանից շեղել: Իրենք գերագնահատում են իրենց դերը ՀՀ քաղաքական դաշտում»:
Ըստ նրա, ընդդիմությունը զուտ դիվիդենտներ է քաղում սահմանի վրա կատարված դեպքերից, բայց եթե բոլոր ընդդիմադիրներին էլ ձերբակալեն, ՀՀ ժողովուրդը չի շեղվի»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Սուրեն Պապիկյանին ինչո՞ւ չեն ձերբակալում՝ 71 զորամաս օտարելու, այդ թվում՝ Արշակունյաց պողոտայում զորամաս օտարելու համար՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե հանցակազմ լինի, Սուրեն Պապիկյանի, Ալեն Սիմոնյանի վրա, քրեական գործ կհարուցվի»:
Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ ձեր խմբակցությունում միանշանակ չի եղել որոշումը, որ այս նիստը կայանա եւ ձեզ քննադատում են, որ այս արտաքին մարտահրավերներով լի բարդագույն շրջանում դուք ներքին պառակտումն եք խորացնում, ինչների՞դ էր պետք սա՝ նա պատասխանեց, որ ՔՊ-ում միանշանակ բոլորը կողմ են եղել. «Ես չեմ համարում, որ Սեյրան Օհանյանին թույլտվություն տալը, որ քրգործը շարունակվի, իսկ դա է տեղի ունենում, մարդկանց մոտ տպավորություն չլինի, որ այստեղ դատավարություն է տեղի ունենում: Չեմ համարում, որ սա ներքին պառակտում է: Մեզ ավելի շատ մեղադրում են երկաթե մանդատը չիրագործելու, թավշյա լինելու մեջ: Գերագնահատում եք: Այսինքն, հիմա ժողովուրդը դուրս է գալու փողոց այլայլված, ասելու է՝ էս ինչի՞ եք պառակտում, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գո՞րծ եք հարուցում: Չկա նման բան: Սեյրան Օհանյանը այսօր չգալով եւ չստորագրելով վաղեմության հետ կապված՝ շատ ճիշտ քայլ է անում, ուզում է ցույց տալ, որ կարող է ապացուցել, որ ազնիվ ու արդար աշխատակից է եղել: Եվ այս առումով մենք ոչ թե պառակտում ենք, այլ օգնում ենք պարոն Օհանյանին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ