Ինչպես հայտնի է, այսօր ԱԺ նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեցին՝ Սեյրան Օհանյանը նույն Մանվել Գրիգորյանն է՝ հայրենիքի հերոս, կարո՞ղ ենք ասել, որ «Մանվել Գրիգորյան օպերացիայի» կրկնությունն է՝ հայրենիքի հերոսից մենք ստանում ենք թալանչի ու հանցագործ, դուք ձեր իշխանության մեջ ունե՞ք հայրենիքի հերոս՝ Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ հարցը կրկնել տվեց՝ ասելով, որ հարցը չի հասկանում՝ օպերացիա ասելով՝ ի՞նչ նկատի ունի. «Իշխանությունը օպերացիաներ չի իրականացնում, ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, դատարանում գործ կա եւ ես չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ՝ առավել եւս, որ Մանվել Գրիգորյանը ողջ չէ: Եթե ինչ-որ մեկը ուսադիր ունի, կամ իր փայատերերը, կամ իրեն հրաման տվողները տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն»: Ինչ վերաբերում է իրենց իշխանության հերոսներին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ գնահատականը պետք է ժողովուրդը տա եւ դա ժամանակի հարց է. «Իսկ մնացածն ուռճացված է, հաճախ կենացների մակարդակի հասցված իրականություն է»:
Երբ լրագրողները հիշեցրին, որ իրենց իշխանության ազգային հերոսը Անդրանիկ Փիլոյանն է, որը քրեական գործով մեղադրվում է՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Կարծում եմ, եկել է ժամանակը իրեն զրկելու եւ վերանայելու, ընդհանուր առմամբ, Ազգային հերոս տալու ինստիտուտը: Ես կարծում եմ, եթե օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կլինի, այդ մարդիկ չպիտի մնան ազգային հերոս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ