Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ եմ արել Ադրբեջանին և Ռուսաստանին՝ անհապաղ վերականգնել անխոչընդոտ տարանցումը` հանձնառություններին համապատասխան». ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանն՝ ի պատասխան Թագուհի Թովմասյանի  գրությունների

Փետրվար 07,2023 14:24

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերին ուղղված բազմաթիվ նամակներով ահազանգել էի Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակի, Ադրբեջանի կողմից շրջափակված120000 բնակչության կենսական խնդիրների վերաբերյալ։

Դեսպանին ներկայացրել էի Ադրբեջանի կողմից ստեղծված հավելյալ խնդիրներն առ այն, որ վերջինիս ապակառուցողական վարքագծի հետևանքով հնարավոր չէ մտնել Աղավնո-Բերձոր հատվածում տեղի ունեցած միջադեպի վայր և իրականացնել էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնողական աշխատանքներ, ուստի Արցախին էլեկտրաէներգիայի մատակարարման լրջագույն խնդիրներ են առաջացել ցուրտ ձմռան պայմաններում։

Դեսպան Քարփենթերին տեղեկացրել էի նաև Արցախ տեղափոխվող 19 հայ երեխաների նկատմամբ Ադրբեջանի գործադրած էմոցիոնալ և հոգեբանական բռնության վերաբերյալ և հիմնավորել ադրբեջանցիների հանցավոր գործողություններում «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի հիմնարար դրույթների խախտման փաստերի առկայությունը։

Պրն. Քարփենթերին խնդրել էի՝

իր մանդատի/իրավասությունների շրջանակում ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նկատմամբ, որը տվել է հրաման ներխուժել Արցախ տեղափոխվող երեխաների ավտոբուս և նրանց նկատմամբ իրականացնել հոգեբանական տեռոր,

ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ ապահովելու հայկական կողմի մուտքն Աղավնո-Բերձոր հատված՝ վերականգնելու Արցախին էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Դեսպան Քարփենթերը պատասխան գրությամբ շնորհակալություն է հայտնում իմ նամակների համար, որոնցում մտահոգություններ եմ բարձրաձայնել Բերձորի միջանցքի հետ կապված և Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։

«Հավաստիացած եղեք, որ Միացյալ Նահանգները իր դիտարկման ներքո է պահում հարցը, ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Բաքվում և Երևանում իր դեսպանությունների միջոցով, և ես անձամբ ուշադրությամբ հետևում եմ զարգացումներին։ … Կոչ եմ արել Ադրբեջանին և Ռուսաստանին՝ վերականգնել անխոչընդոտ տարանցումը` նախկին հանձնառություններին համապատասխան»,- նշում է դեսպանը։

Դեսպանը հավելում է, որ իրենք կշարունակեն աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ բազմակողմ ձևաչափով այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսին ԵՄ-ն է և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է՝ հասնելու այս հակամարտության համապարփակ և հաստատուն կարգավորման, որը շարունակվել է չափազանց երկար և խլել չափազանց շատ կյանքեր։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ
մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728