Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինվորը վրանի ու տնակի մեջ է, որովհետեւ զորանոցը ծախել եք, կերել եք»՝ ասում է նախկին ՀՀԿ-ական եւ այժմ ՔՊ պատգամավոր Պապոյանը

Փետրվար 07,2023 13:43

«Պատկերացնո՞ւմ եք ինչ ոռնոց կբարձրացնեին այսօր, եթե պարզվեր, որ ՀՀ-ում մի զորամաս է փակվում կամ վաճառվում։ 2010-ական թվականներին նման ոռնոց չկար, որովհետեւ այս ամենը միայնակ չի արվել, տարբեր շրջանակներ տարբեր «փայ» են ունեցել։ Հետո էլ սոցցանցերում տնակի նկար են գցում եւ գրում, թե ինչու է զինվորը տնակում կամ վրանում քնում։ Տնակի մեջ է, որովհետեւ զորանոցը ծախել եք, կերել եք․․․», – ԱԺ նիստում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր քննարկվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Ըստ ԱԱԾ-ի ձեռքբերած տվյալների՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ մասնավորապես, հողային օրենսգրքի խախտմամբ երկու զորամասերի՝ «Երասխ 1»-ի եւ «Երասխ 2»-ի տարածքները, որոնք ՊՆ-ի սեփականությունն են հանդիսացել, օտարվել են եւ անհամեմատ էժան գնով վաճառվել, իսկ X զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ ստացել գումար․ խեղաթյուրվել է նշյալ գույքի իրական պատկանելիությունը։

Գեւորգ Պապոյանը շարունակեց․ «Եթե չուտեիք, այսպես չէր լինի։ Ինձ այս հարցի մենակ բարոյական կողմն է հետաքրքրում, ուրիշ ոչ մի բան։ Թքած են ունեցել պետության եւ օրենքի վրա։ Պետականության ոչնչացումն այսպես է տեղի ունենում: Խոսում էին՝ բանակը, բանակը, ամենամարտունակ բանակը։ Սենց են պահե՞լ ամենամարտունակ բանակը։ Այդ մարդիկ չեն պատկերացրել, որ գալու է պատասխան տալու ժամանակը։ Վստահ եմ, որ նման հարյուրավոր գործեր կլինեն բոլոր նախարարություններում։ Սա «մեր դեմ խաղ չկա»-ի հետեւանքն է»։

Հ․Գ․ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը որոշել է վաճառել ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրակցված 71 անուն անշարժ գույք։ Իսկ Գեւորգ Պապոյանին նախկինում ՀՀԿ-ի անդամ լինելու մասին հիշեցնելու առիթ եղել է ԱԺ նախորդ նստաշրջաններից մեկում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728