Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանն իմացե՞լ է, որ գույքն օտարում է նշյալ անձանց․ նախարարին «վերեւից» ցուցում տվող եղե՞լ է»

Փետրվար 07,2023 13:07

«Եթե ասում եք, որ այդ հողամասերը չէին կարող վաճառվել ըստ հողային օրենսգրքի, ապա տեխնիկապես ինչպե՞ս է հնարավոր եղել այդ գործարքի կնքումը։ Նոտարը չի տեսե՞լ, որ արգելվում է դա վաճառել մասնավոր անձանց։ Ինչպե՞ս է դա եղել», – ԱԺ նիստում այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր քննարկվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Ըստ ԱԱԾ-ի ձեռքբերած տվյալների՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ մասնավորապես, հողային օրենսգրքի խախտմամբ երկու զորամասերի՝ «Երասխ 1»-ի եւ «Երասխ 2»-ի տարածքները, որոնք ՊՆ-ի սեփականությունն են հանդիսացել, օտարվել են եւ անհամեմատ էժան գնով վաճառվել, իսկ X զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ ստացել գումար․ խեղաթյուրվել է նշյալ գույքի իրական պատկանելիությունը։

Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Գործով մեղադրյալը՝ կադաստրի Վեդու տարածքային միավորի ղեկավարը, իր ցուցմունքում ասում է՝ ես ի սկզբանե ասացի, որ օտարել չի կարելի, որովհետեւ սահմանափակման տակ է, իսկ վերադաս ղեկավարությունն ինձ ուղիղ ասեց, որ նշագրումը պետք է անես փաստաթղթի վրա, այլապես․․․ պատկերացրեք, թե ինչ սպառնալիք կարող էր հնչել։ Մանրամասները կան միջնորդագրում։ Կադաստրի կոմիտեի վերադաս պաշտոնյայի մասին է խոսքը»։

Արման Եղոյանն արձանագրեց․ «Հիմա մեղադրանքներ են հնչում, թե պետական ինստիտուտները խարխլված են եղել։ Փաստորեն, այնպես էին գործում պետական ինստիտուտները, որ անում էին մի բան, որը օրենքով հնարավոր չէր»։

Ապա ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Վլադիմիր Վարդանյանը, հետաքրրքվեց՝ գործում առկա փոխկապակցված անձինք ովքե՞ր են, ի՞նչ կապ ունեն պաշտոնյաների հետ, Սեյրան Օհանյանն իմացե՞լ է, որ գույքն օտարում է նշյալ անձանց, որ կան փոխկապակցված անձինք, նա տեղյակ եղե՞լ է, որ հողային օրենսգրքով արգելված է դա վաճառել։

Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է։ Իսկ Նորայր Կարապետյանն ու Արմեն Գեւորգյանը երկու քույրերի ամուսիններ են։ Սեյրան Օհանյանը չէր կարող տեղյակ չլինել, որովհետեւ երկու դեպքում էլ լիազորագիր է տվել՝ նույն նոտարական գրասենյակում կատարված գործարքի համար։ Կարո՞ղ էր տեղյակ լինել․ եթե չեմ սխալվում, ՊՆ-ն մի ամբողջ իրավաբանական վարչություն ունի։ Վստահ եմ, որ իրավաբաններն առնվազն պետք է հնչեցրած լինեին ահազանգը։ Ամեն դեպքում, Սեյրան Օհանյանը չի հայտնել մեզ, որ տեղյակ չի եղել այդ մասին»։

Վլադիմիր Վարդանյանը նկատեց՝ եթե կադաստրային բաժանմունքում ցուցում տվողը վերադասն է եղել, կա՞ն տեղեկություններ, որ պաշտպանության նախարարին եւս ցուցում տվող է եղել։ Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Քննության համար հետաքրքրություն են պարունակում ՊՆ իրավաբանական վարչության անձինք, բայց մանրամասները չեմ կարող այս պահին ասել։ Հասկանում եմ, որ վերադաս ղեկավարությունը երբեմն պարտավոր չէ իմանալ, թե ինչ է գրված փաստաթղթի մեջ, որն ինքը ստորագրում է, բայց այստեղ խոսքը նախարարի տված լիազորագրի մասին է՝ երկու անգամ, երկու դրվագով։ Լիազորագիրն անհատապես է տրվում։ Ինչ վերաբերում է ճնշումներին եւ ցուցումներին, ապա ես երեք միջնորդություն եմ բերել այսօր, որոնցից մեկում կա նշագրում անձի կողմից, թե ում հետ պետք  է քննարկի եւ ինչ պիտի դրանից հետո անի։ Ուստի մեկ ցուցման մասին անուղղակի ապացույց ունենք, ոչ ձեռագիր։ Անձը ցուցմունք չի տալիս, չի ասում, եւ մեր ենթադրությունները հանգում են նրան, որ ինքն է տվել լիազորագրերը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728