Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Վկաները նշել են, որ այդքան միավորներ չեն եղել այդ զորանոցներում տեղավորելու համար, եւ այդ զորանոցները մեզ այլեւս պիտանի չէին»․ Վարդապետյան

Փետրվար 07,2023 12:38

«Ես լավ չհասկացա, այսօր այդ հողակտորներն ո՞ւմ են պատկանում»,-ԱԺ նիստում այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր քննարկվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Ըստ ԱԱԾ-ի ձեռքբերած տվյալների՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ մասնավորապես, հողային օրենսգրքի խախտմամբ երկու զորամասերի՝ «Երասխ 1»-ի եւ «Երասխ 2»-ի տարածքները, որոնք ՊՆ-ի սեփականությունն են հանդիսացել, օտարվել են եւ անհամեմատ էժան գնով վաճառվել, իսկ X զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ ստացել գումար․ խեղաթյուրվել է նշյալ գույքի իրական պատկանելիությունը։

Աննա Վարդապետյանը նշեց․ «Այն անձանց է պատկանում, ում մասին ասել եմ՝ Էդգար Արշակյանի եւ Արմեն Հակոբյանի հետ փոխկապակցված Նորայր Կարապետյանին։ Գրիգորի Խաչատուրովին փաստացի պատկանող մասը, այո, գրավադրված է, իսկ Նորայր Կարապետյանին պատկանողն իր անունով է»։

Հովիկ Աղազարյանը նաեւ հետաքրքրվեց․ «Եթե Սեյրան Օհանյանը ներկայանար եւ ընդուներ իր մեղքը, ենթադրենք, խնդրեր վաղեմության ժամկետ կիրառել, ի՞նչ կլիներ»։ Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Վաղեմության ժամկետի կիրառմամբ իր հանդեպ քրեական հետապնդում չէինք հարուցի, բայց քննությունը կշարունակեինք այլ անձանց մասով։ Միայն Սեյրան Օհանյանի մասին չէ այստեղ խոսքը»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն էլ իր հերթին հետաքրքրվեց՝ ի՞նչ նպատակով են օգտագործվել այդ տարածքներն օտարումից հետո։ Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Երկու միավոր հող է՝ նշանակությամբ զորամաս։ Մեկ տարածքի շինությունները հիմա ապամոնտաժված են։ Մյուսը մնացել է այնպես, ինչպես եղել է»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հարցրեց՝ Սեյրան Օհանյանից բացի՝ մյուս անձինք մեղադրյալ չե՞ն։ «Վկայի կարգավիճակ ունեն, քննությունը շարունակվում է»,-տեղեկացրեց Աննա Վարդապետյանը։

Բագրատյանը նկատեց՝ ռիսկ կա՞, որ այս գործն էլ կքննվի այնքան երկար, որ հանրությունը կդժգոհի իշխանությունից։ Աննա Վարդապետյանն արձագանքեց․ «Նոր քրեական օրենսգիրքը հստակ ժամկետներ է սահմանում։ Նախաքննությունը սահմանափակված է»։

ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ ասաց, որ իրեն հարցի բարոյական կողմն է հետաքրքրում՝ այդ զորամասերը գործո՞ղ են եղել, չօգտագործվո՞ղ տարածք են եղել։ «Եթե նկատի ունեք գործող զորամասն են օտարել, թե ոչ, ապա ոչ։ Հիմնավորումներում անձինք որպես վկա նշել են, որ այդքան միավորներ չեն եղել այդ զորանոցներում տեղավորելու համար եւ այդ զորանոցները մեզ այլեւս պիտանի չէին։ Կներեք ոչ կոռեկտ ձեւակերպման համար»,– պատասխանեց գլխավոր դատախազը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728