Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ չկա տեղեկություն, թե Գրիգորի Խաչատուրովն այդ գումարն ինչպես է ծախսել»․ Աննա Վարդապետյան

Փետրվար 07,2023 12:06

«Այդ ժամանակներում կադաստրային արժեքները շուկայական արժեքներից բավականին շեղված էին։ Հնարավոր է, որ դրանց շուկայական արժեքն ավելի մեծ է։ Պատճառված վնասի իրական չափը հասկանալու համար կա՞ մոտավոր գնահատական, թե այդ հողն ու անշարժ գույքը այդ ժամանակ շուկայական ինչ գին են ունեցել։ Եվ կա՞ տվյալ, թե բանկը դրա դիմաց որքա՞ն գումար է տվել։ Այսինքն, բանկն այդ գույքը որքա՞ն է գրավադրել»,-ԱԺ նիստում այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր քննարկվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Ըստ ԱԱԾ-ի ձեռքբերած տվյալների՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ մասնավորապես, հողային օրենսգրքի խախտմամբ երկու զորամասերի՝ «Երասխ 1»-ի եւ «Երասխ 2»-ի տարածքները, որոնք ՊՆ-ի սեփականությունն են հանդիսացել, օտարվել են եւ անհամեմատ էժան գնով վաճառվել, իսկ X զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ ստացել գումար․ խեղաթյուրվել է նշյալ գույքի իրական պատկանելիությունը։

Աննա Վարդապետյանը նշեց, որ բանկում գրավադրված գումարը երկու անգամ փոխվել է․ «Առաջին անգամ այլ գումար է բանկից վերցրել, հետո դիմել է վերագնահատման՝ հաշվի առնելով ձեր հիշատակած հանգամանքը, որ շուկայական գինն ավելացել է։ Մոտ 18 միլիոնի մասին է խոսքը՝ բանկից ստացած, մեկ հողամասի դիմաց։ Վերջնական թվերը կտա փորձաքննությունը։ Բայց անգամ եթե գումարի տարբերություն չլիներ, այդ գույքն ի սկզբանե անօտարելի էր։ Դա է հանցակազմը ձեւավորում, ոչ թե գումարի տարբերությունը»։

Աննա Վարդապետյանը նաեւ նշեց՝ տեղեկություններ չունեն, թե այդ 18 միլիոնը Գրիգորի Խաչատուրովն ինչպես է ծախսել, եւ այլ մանրամասներ չի կարող ասել, որովհետեւ դա առանձին գործ է, ընթանում է նախաքննություն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728