ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր քննարկվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Ըստ ԱԱԾ-ի ձեռքբերած տվյալների՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ մասնավորապես, հողային օրենսգրքի խախտմամբ երկու զորամասերի՝ «Երասխ 1»-ի եւ «Երասխ 2»-ի տարածքները, որոնք ՊՆ-ի սեփականությունն են հանդիսացել, օտարվել են եւ անհամեմատ էժան գնով վաճառվել, իսկ X զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ ստացել գումար․ խեղաթյուրվել է նշյալ գույքի իրական պատկանելիությունը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջնորդագիրը ներկայացրած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց․ «Ճիշտ է, մենք այստեղ դատավորի կարգավիճակ չունենք, բայց կա՞ որեւէ բացատրություն, թե զորամասի տարածքն ինչո՞ւ են հանձնել երրորդ մեկին, հետո գրավադրել բանկում։ Որեւէ բացատրություն, կամ պետական շահի համար․․․ինչ-որ բացատրություն չկա՞»։
Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Պետական շահի տեսանկյունից բացատրություն չի հնչել։ Հիմնական բացատրությունը, որը որպես իրավաբան ինձ հասկանալի է այս սխեմայի մեջ, կայանում է նրանում, որ երրորդ անձի անվամբ գրանցել է գույքը՝ ի սկզբանե նպատակ ունենալով թաքցնել իրական գնորդին, այսինքն՝ ցույց չտալ, թե տարածքն ում է օտարվում։ Հետո բանկում գրավադրումը եւ բանկից գումար ստացողին վեր հանելը մեզ հնարավորություն է տվել բացահայտել իրական սեփականատիրոջը։ Բացատրությունները խիստ անորոշ են, ինչպես ակնկալվում էր այս իրավիճակում։ Մինչդեռ հողային օրենսգրքում ուղիղ պահանջ կա նման տարածքներն օտարելու արգելքի։ Փորձեր եղել են հիմնավորել, որ այդքան մեծ տարածք պետք չէր, ծախսատար էր, բայց դրանք փաստաթղթային հիմնավորումներ չեն ունեցել նախաքննության ժամանակ»։
Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Ժողովրդական լեզվով ասած՝ զորամասը վերածել են գումարի եւ չկա բացատրություն, թե ինչու է արվել։ Ճի՞շտ հասկացա։ Ուզում եմ քաղաքացիներն էլ հասկանան, թե ինչի մասին է խոսքը»։ Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Պետական շահի տեսանկյունից չկա բացատրություն»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ