Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այս հարցերի պատասխաններն անորոշ են, եւ չկա կառավարության այլընտրանքային թիմ, դժվար է մարդկանց հանել փողոց. Հայացք Երեւանից

Փետրվար 07,2023 11:28

Կառավարության հրաժարականի խնդիրն օրակարգային գերակայությունների թվումն է, բայց որքան էլ տարօրինակ լինի՝ զանգվածային ցույցեր մենք չենք տեսնում: Սա հանրային ապատիայի՝ անտարբերության հիվանդագին վիճակի հետեւանք է՝ երբ մարդ սկսում է հաշտվել ճակատագրի հետ, ինչպես զոհն է համակերպվում իր վախճանի հետ եւ  այլես չի դիմադրում: Նման իրավիճակներ լինում են այն դեպքում, երբ փրկության ելքեր չեն գտնվում: Արդյո՞ք մի ողջ երկիր համակերպվել է իր վախճանի հետ: Սա շատ հոռետեսական տարբերակ է, կարծում ենք՝ իրավիճակը պետք է բնութագրել որպես սպասողական: Մարդկային բանականությունը այլ սխեմաներով է աշխատում՝ ինչ-որ քայլ անելիս պետք է ունենալ ապագայի հեռանկար: Փորձենք, մասնավորապես, հասկանալ, թե որոնք են Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները եւ որոնք՝ դրանց պատասխանները:

Այդ կարգի հարցադրումերը շատ են, պատասխանները՝ մշուշոտ: Օրինակ՝ Արցախի հարցում ո՞րն է մեր վարելիք քաղաքականությունը; ի՞նչ տարբերակներ ենք դիտարկում Սյունիքի հաղորդակցությունների խնդրում; միջազգային քաղաքականության առումով ովքե՞ր են մեր հնարավոր դաշնակցներն ու ախոյանները; անվտանգության ի՞նչ համակարգում պետք է Հայաստանը լինի՝ որքանո՞վ է տվյալ տարբերակն իրատեսական:

Կամ՝ ներքին քաղաքականության մեջ վարվելիք սոցիալական քաղաքականությունը. արդյո՞ք մենք կկարողանանք ունենալ արդարության վրա հիմնված հարաբերություններ, անկախ դատական համակարգ եւ այլն; ապագայում ի՞նչ են իրենցից ներկայացնելու կուսակցությունները՝ արդյո՞ք կենսունակ կլինեն արդար ընտրության ճանապարհով տնօրինելու երկրի ճակատագիրը; ովքե՞ր կարող են հանձառու լինել ու երաշխավորել ազատ, արդար ընտրությունների իրականացումը; արդյոք հիմա կա՞ որեւէ քաղաքական թիմ, որը կարող է ապագա կառավարության այլընտրանքային կազմ ներկայացնել հանրությանը եւ այլն, եւ այլն:

Սրանք այն հարցերի ոչ ամբողջական ցանկն է, որոնց պատասխանները մարդիկ ցանկանում են ունենալ գործող ապիկար իշխանակարգի դեմ հանրային ընդվզում մեկնարկելուց առաջ: Եթե այս հարցերի պատասխաններն անորոշ են, եւ չկա, մասնավորապես, կառավարության այլընտրանքային թիմ, դժվար է մարդկանց հանել փողոց եւ, առավել եւս, նրանցից ակնկալել վճռական պայքար՝ արմատական փոփոխության օրակարգով:

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView «Հայացք Երեւանից» կայքէջի acnis.am  2023թ.-ի 4-րդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728