Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքներն ունեն նաեւ քաղաքական բաղադրիչ. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 07,2023 11:15

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքներն ունեն նաեւ քաղաքական բաղադրիչ, որն իր ազդեցությունը կունենա ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին գործընթացների վրա։ Եթե մինչ երկրաշարժը թվում էր, որ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վաղաժամ անցկացումը ձեռնտու է իշխող քաղաքական ուժի եւ մասնավորապես նախագահ Էրդողանի համար, ապա ներկա իրողություններում այն բավականին լուրջ մարտահրավեր է դառնում։ Հարցն այն է, որ տնտեսական եւ սոցիալական առկա խնդիրներին գումարվելու են երկրաշարժի հետեւանքով առաջացածները։ Երկրաշարժի գոտում աշխատանքներն անձամբ համակարգելու նպատակով Էրդողանն արդեն իսկ այցելել է կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման գրասենյակ։ Թե ինչ արագությամբ եւ որակով կկարողանան իշխանությունները վերացնել կամ առնվազն նվազագույնի հասցնել երկրաշարժի հետեւանքները, կազդեն ընտրությունների արդյունքների եւ հատկապես Էրդողանի վարկանիշի վրա։ Ստեղծված իրավիճակում ընդդիմությունը կփորձի քաղաքական շահաբաժիններ հավաքել։

Երկրաշարժի հետեւանքով լրջորեն վնասվել է նաեւ էներգետիկ ենթակառուցվածքը։ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզի խոսքով, վնասներ կան թե՛ էլեկտրահաղորդման գծերի, թե՛ գազատարների մասով, ամենամեծ վնասը կրել է այն գազատարը, որը բնական գազի փոխադրման հիմնական գիծն է դեպի Մարաշ, Այնթափ, Հաթա եւ Քիլիս։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական բաղադրիչին, ապա մի շարք արեւելագետներ բնական աղետը հարմար առիթ են համարում Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժ ունենալու համար, որի առիթը երկրաշարժի հետեւանքների վերացմանն ուղղված համատեղ աշխատանքներն են։ Հիշեցնենք, որ հունվարի կեսերին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման թեմային առաջին անգամ հրապարակայնորեն անդրադարձել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւի հետ Դամասկոսում կայացած բանակցությունների ընթացքում։

Եթե, այնուամենայնիվ, երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեղի ունենա, այն կլինի առաջին ուղիղ շփումը 11 տարվա ընթացքում։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728